Աղմկահարույց «Սդղի գյոլ»-ի գործով դատական նիստի օրը հայտնի է
Գորիս հայտնի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում այս տարվա մայիսի 2-ին տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի գործով դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 21-ին: Այս գործով դատական նիստը կանցկացվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում և կնախագահի դատավոր Նապոլեոն Օհանյանը:
Այս գործով մեղադրյալներ են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատներն ու նրա շրջապատի անձինք` Յուրի Մանուչարյան, Դերենիկ Հակոբյան, Շահում Դավթյան, Սեյրան Խաչատրյան, Էյներ Խաչատրյան և Մայիս Խաչատրյան: Նրանց բոլորին մեղադրանքն առաջադրվել է Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» տանող ճանապարհի խաչմերուկի մոտ Մուշեղ Զաքարյանին և նրա առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար:
Սկզբնական շրջանում այս գործով երկու ամիս կալանքի տակ մնաց նաև Սյունիքի մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը: Սակայն գործը քննող մարմինը գտավ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի` հանցակազմի բացակայության հիմքով: