Անալոգային հեռարձակումը կդադարեցվի, երբ հատուկ սարքերը բաժանվեն բնակիչներին. Գրիգոր Ամալյան
Թվային հեռարձակմանն անցնելուն ուղղված գործընթացը Հայաստանում շոշափելի ավարտի փուլում է: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ամալյանը:
DVB-T2-ը (Digital Video Broadcasting standard for Terrestrial, release 2) վերգետնյա թվային հեռարձակման ժամանակակից ստանդարտ է, որը տալիս է բարձր որակի հեռուստատեսային հեռարձակումների հնարավորություն:
«Թվային հեռարձակման տեխնիկական գործընթացն ավարտվել է դեռ նախորդ տարի ամռանը, այժմ մնացել է կիսատ հարց` սոցիալապես անապահով մարդկանց անվճար կարգով թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր տրամադրելը», -հավելեց Ամալյանը:
Պաշտոնյայի խոսքով, սարքերն արդեն ներկրվել են Հայաստան և մի քանի օրից կավարտվեն դրանց մաքսազերծման աշխատանքները: Մաքսազերծումից հետո դրանք կտրամադրվեն Տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի բաժանեն բնակիչներին:
Հիշեցնենք` Հայաստանի կառավարությունն իր դեկտեմբերի 24-ին կայացրած որոշմամբ, անվճար թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր (DVB-T2) կտրամադրի սոցիալապես անապահով 48 հազար 733 ընտանիքի:
Ինչ վերաբերում է անալոգային հեռարձակման անջատմանը, ապա պարոն Ամալյանի խոսքով, անջատման պրոցեսի մասին կառավարությունը հատուկ որոշում չի կայացրել ու հստակ օր չի մատնանշվել:
«Անջատումներ հիմա չեն արվի, և անալոգային հեռարձակումը կանջատվի այն ժամանակ, երբ թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը բաժանվեն բնակիչներին: Մենք նախապես կհայտարարենք օրը, ժամը, ողջամիտ ժամկետներ կտանք, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այդ սարքը, իմանան անջատման օրը», -ասաց Գրիգոր Ամալյանը:
Նրա ներկայացմամբ, այս գործընթացում գլխավորը թվային հեռարձակմանն անցումն է, իսկ անալոգային հեռարձակման անջատումն էական չէ:
«Մինչ այժմ գործընթացի ձգձգումը բացառապես սոցիալական խնդիրների պատճառով էր», -հավելեց Ամալյանը:
Նշենք, որ նոր սերնդի հեռուստացույցները սովորաբար ունեն DVB-T2 ձևաչափի հեռարձակման ընդունիչ: Եթե հեռուստացույցը չունի նման ընդունիչ, իսկ դրանք 20-30 տարի առաջ արտադրված հեռուստացույցներն են, ապա հարկ կլինի կա՛մ փոխել այն, կա՛մ էլ գնել DVB-T2 սարքը, որի արժեքը տատանվում է 25-80 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում:
Հարակից հրապարակումներ`
- 48 հազար 733 ընտանիք անվճար կստանա թվային հեռարձակման ընդունիչ սարք
- Փոխնախարար. Անալոգային հեռարձակումը կընդհատվի մարզ առ մարզ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը