Նախարար. Հայոց ցեղասպանությունը համաշխարհային ճանաչում է ստացել
«Տարօրինակ է այն, որ ոչ թե Հայաստանն է նախապայմաններ առաջ քաշում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, այլ ցեղասպանություն իրականացրած Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հացին, թե Թուրքիայի ԱԳ նախարարը պնդում է, որ առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հայ-թուրքական հարաբերությունները հնարավոր չէ կարգավորել, ի՞նչ ակնկալիքներ ունենք այդ իմաստով:
Ըստ նախարարի, տարօրինակ կլինի տրամաբանություն գտնել վերջին շրջանում Թուրքիայի դիվանագիտության հռետորաբանության մեջ ոչ միայն Հայաստանին վերաբերող հարցում, այլ նաև այլ հարցերի շուրջ. «Այս կարգի տրամաբանությամբ ոչ միայն Հայաստանի, այլ նաև այլ երկրների հետ Թուրքիան չի կարող զարգացնել իր հարաբերությունները»:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նույն տեմպով այս տարի ևս շարունակվելու են ոգեկոչման միջոցառումները, թե 100-րդ տարելիցին էր պատճառը, որ լայնորեն ոգեկոչվեց, Է.Նալբանդյանն ասաց, որ 2015-ի բոլոր միջոցառումները բավական հնչեղ էին, լսելի ամբողջ աշխարհով:
«Տարելիցները տարբեր են լինում: Երբ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցն էր, մեր ողբերգությունը մեր անցյալի մութ էջերից էր, շատ չէր արծարծվում հայ շրջանակներից դուրս: Այսօր կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային ճանաչում է ստացել ի շնորհիվ միասնական, միահամուռ ջանքերի, որը հայ ժողովուրդը գործադրեց այս տարիների ընթացքում: Հետևողական աշխատանքը չի կանգնում ոչ տարելիցից առաջ, ոչ տարելիցին, ոչ էլ տարելիցից հետո: Մենք Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, նոր ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ շարունակելու ենք հետևողական ջանքերը ոչ միայն մեր ժողովրդի, այլ միջազգային հանրության հետ»,-
ասաց Է.Նալբանդյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարվա ապրիլին նախատեսված են մի շարք միջոցառումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ