Դատախազությունը կբողոքարկի Շուշանիկ Բախշյանի խափանման միջոցի մասին որոշումը
Ծննդկան Մերի Մարգարյանին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար մեղադրվող «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը գործով հսկողություն իրականացնմող դատախազը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարանում:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Դատարանի որոշումը Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է 2016թ. փետրվարի 1-ին: Նշված դատական ակտը բողոքարկելու դիմում, առաջարկություն կամ միջնորդություն քննիչը դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին չի ներկայացրել և այդպիսին ներկայացնելը կդիտվեր լիազորությունների սահմանազանցում:
Դատարանի որոշման ուսումնասիրությամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը որոշել է բողոքարկել այն», -մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացնում են գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք` «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Մերի Մարգարյանը մահացել էր հուլիսի 29-ին` հուլիսի 27-ին կատարված կեսարյան հատումից հետո: Նրա մոտ ախտորոշվել էր «HELLP» սինդրոմ (մանկաբարձության մեջ հազվադեպ հանդիպող բարդություն) համախտանիշի թոքաբորբ: Հուլիսի 30-ին էլ մահացել էր նաև նրա նորածին դուստրը:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»։ Հունվարի 26-ին Բախշյանին մեղադրանք էր առաջադրվել: Հունվարի 30-ին քննչական կոմիտեն դատարանին միջնորդել էր որպես խափանման միջոց Բախշյանի նկատմամբ կիրառել կալանավորում, սակայն դատարանը որոշել էր կալանավորել բժշկուհուն, իսկ մեկ այլ որոշմամբ էլ կիրառել էր այլընտրանքային միջոց` նրան ազատելով գրավի դիմաց:
Մերի Մարգարյանը և նորածինը քրեական գործով ճանաչվել էին որպես տուժող, իսկ Մերի Մարգարյանի հայրը` Վաղինակ Մարգարյանը, տուժողների իրավահաջորդ:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չէր կատարել իր պարտականությունները։
Հարակից հրապարակումներ`
- Շուշանիկ Բախշյանի մոտ երկկողմանի թոքաբորբ ախտորոշումը չի հաստատվել. Փաստաբան
- Թող ապացույցներ ներկայացնեն և ոչ թե զրույցներ. Շուշանիկ Բախշյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ