Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՍԱՊԾ աշխատակիցների ձերբակալությունից
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում փետրվարի 3-ին ոստիկանությունից ստացվել են քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության առանձին աշխատակիցների կողմից հունվար ամսին կաշառք պահանջելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:
«Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, որի ուղղությամբ անհրաժեշտ է կատարել քննություն՝ նույն օրը Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, 2 անձ ձերբակալվել է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քննության շահերից ելնելով՝ նախաքննության այս փուլում հավելյալ այլ տեղեկություն հրապարակման ենթակա չէ»,-նշեցին Քննչական կոմիտեից: