«Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի արդյունքները կամփոփեն համատեղ քննարկման միջոցով
«Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրը Հայաստանում արդարադատության ոլորտի ուսումնասիրության ուղղությամբ աշխատանքները կշարունակի մինչև 2018թ.-ը: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանն ընդունել է արդարադատության ոլորտի ուսումնասիրության համար Հայաստանում գտնվող «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի փորձագետներին
Ծրագրի տնօրեն Վ. Գրոմլյուկը և խմբի ղեկավար Է. Սվանիձեն ներկայացրել են փետրվարին մեկնարկած ծրագրի հիմնական նպատակներն ու անելիքները:
Հանդիպմանը քննարկվել է ծրագրի շրջանակում համագործակցությունը ՀՀ արդարադատության համակարգի, այդ թվում՝ ՀՀ դատախազության հետ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը ողջունել է մոնիտորինգային խմբի աշխատանքը՝ բարձր գնահատելով արդյունավետ համագործակցության հնարավորությունը:
Ծրագրի տնօրեն Վ. Գրոմլյուկի խոսքով, «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված առաջարկությունների փաթեթը օգտակար կլինի արդարադատության ոլորտում բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու համար:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել երկամյա ծրագրի իրականացմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի արդյունքներն ամփոփել համատեղ քննարկման միջոցով: