Երևանի քաղաքապետ. Համատիրությունների մասով աշխատանքը համարում եմ խիստ անբավարար
Համատիրությունները պետք է հաշվետու լինեն բնակիչներին: Կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նա դժգոհություն է հայտնելով համատիրությունների աշխատանքից, ինչպես նաև կարևորել է հանրությանը հատկապես համատիրությունների գործառույթների ու պարտականությունների ճիշտ ներկայացումը:
«Համատիրությունների մասով աշխատանքը համարում եմ խիստ անբավարար: Այս կառույցները ստեղծվել են ոչ միայն բնակչին, այլև մեզ օժանդակելու համար: Բնակիչները բավարար վստահություն չունեն համատիրությունների աշխատանքի նկատմամբ. գիտե՞ք ինչու, որովհետև համատիրության լուծելիք հարցերը հիմնականում չեն լուծվում: Ավելին, դրանք հիմնականում դարձել են միայն տեղեկանք տվող ու քաղաքացու մատից փուշ չհանող կառույց. գումարներ հավաքագրելիս են միայն պահանջատեր, բայց մոռանում են, որ բնակիչն էլ իրենցից ունի պահանջներ ու առաջին հերթին հենց նրանց պետք է հաշվետու լինեն»,-ասել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը նշել է, որ համատիրության յուրաքանչյուր աշխատակից պետք է հստակ իմանա իր գործառույթն ու բարեխղճորեն կատարի այն: