Կցակառույցները քանդել ենք, որպեսզի հին շենքն ավելի լավ ներկայացվի. կառուցապատող
Ամիրյան 2 հասցեում գտնվող 1896 թվականին կառուցված շենքի ճակատային հատվածը չի քանդվելու, ապամոնտաժվել են միայն 1976 թվականին և 1990 թվականին կառուցված մասերը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամիրյան 2 հասցեում կառուցապատող «SGI» ինվեստ ՍՊԸ տնօրեն Զորիկ Բալայանը:
«Հուշարձանի ճակատային մասը, ինչպես կառուցվել է 1896 թվականին, այդ տեսքով պահպանվելու է: Իսկ արդեն ավելի ուշ կառուցված մասերի քանդման պատճառն այն էր, որ խանգարում էին հուշարձանին: Դրանք քանդելով՝ համալիրի ֆասադն ավելի լավ է ներկայացվում»,-նշեց նա:
Ասուլիսին ներկա նախագծի հեղինակ, ճարտարապետ Իսահակ Ներսիսյանն ասաց, որ այս հուշարձանը պետք է տեղում մնա, քանդելու և տեղափոխելու կարիք չկա. «Այս մասում պետք է այնպիսի կառույց լինի, որ համահունչ լինի Ամիրյան փողոցին, քաղաքի միջավայրին, մյուս կողմից այն հնությունը, որ ունենք, մնա իր տեղում և հնչի, դիտվի այնպես, ինչպես կառուցվել է: Պետք էր այնպիսի լուծում գտնել, որ հին շենքը չճնշվեր: Այն լուծումները, որոնք ներկայացվել են, հենց այդ նպատակին են ծառայում»:
Ի. Ներսիսյանի խոսքով, իրենք հուշարձանի կողքի կցակառույցներն ապամանտաժել են ոչ թե այն պատճառով, որ դրանք խանգարել են կառուցապատմանը, այլ ազատել են հին շենքը կցակառույցներից, որպեսզի այն ընկալվի ծավալային, ոչ թե որպես զուտ պատ:
«Այս որոշումը մենք արագ չենք ընդունել, մեկ տարուց ավելի է աշխատել ենք նախագծի վրա, հանդիպել ենք մասնագետների հետ, մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության կոմիտեի անդամների, որպեսզի համոզվենք՝ ճիշտ ենք անում, թե սխալ»,- ասաց նա՝ հավելելով, որ մշակութային հուշարձանը տարիների ընթացքում ենթարկվել է փոփոխությունների, և իրենց նպատակն է պահպանել այն, ինչ որպես ժառանգություն իրենց է հասել:
Ինչ վերաբերում է հին շենքերի տեղափոխմանը, ճարտարապետ Ի.Ներսիսյանի խոսքով, ճիշտն այն է, որ հին շենքերը մնան իրենց պատմական տեղում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց