Գոռ Վարդանյանը դատարանում էր
Միջազգային դուքենդոյի և ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը այսօր ներկայացել էր իր գործով դատական նիստին: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց:
Մեղադրանքը պաշտպանող դատախազը միջնորդեց դատարանին հետաձգել նիստը, քանի որ նրա ներկայացմամբ, անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարելու համար դատարանի կողմից տրամադրված ժամանակը չի բավարարել: Դատախազի ներկայացմամբ, պետական մարմիններին կատարված հարցումների պատասխանները դեռևս չեն ստացվել և անհրաժեշտ է մեկ ամիս ժամանակ՝ տվյալներն ունենալու համար:
Գոռ Վարդանյանն ու նրա պաշտպան Նաիրա Պետրոսյանը չառարկեցին, և նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 11-ը:
Հիշեցնենք, որ դեռևս 2014 թվականի փետրվարին Վարդանյանի ֆեդերացիայում մեծ քանակի զենք-զինամթերք էր հայտնաբերվել: Մանսավորապես, մասնագետները հայտնաբերել էին Ֆ-1 տիպի 2 նռնակ (մեկը ուսումնական), լուսային ազդանշանային հրթիռներ 34 հատ, ԱԿ-74 ինքնաձիգի փամփուշտներ, փամփուշտի 1 պարունակ, «ДШ» տիպի պայթուցիչի լար գործարանային 1 կապոց, «КД» տիպի պայթուցիչներ 3 գործարանային տուփ, նռնակների պայթուցիչներ 8 հատ և «ТНТ» տիպի պայթուցիչ (տրոտիլ) 0.5 կգ: Սենյակի չհրկիզվող պահարանից հայտնաբերվել էին 77 հատ ԱԿ-74 ինքնաձիգի ուսումնական փամփուշտներ: Խուզարկությունը կատարվել էր քրեական հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում:
Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերքը պահելը:
Գոռ Վարդանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հայտարարում է, թե զենք-զինամթերքը օգտագործել է ֆիլմում նկարահանվելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին