«Հրազդան-ցեմենտ» ընկերությանը արտոնություն տալու նախագիծը նորից կուղարկվի Ազգային ժողով
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում դարձյալ հավանություն տվեց «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայում Ազգային ժողովը մերժեց «Հրազդան ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծին կողմ էր քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 1 պատգամավոր: Որոշումը չընդունվեց քվորում չլինելու պատճառով, քանի որ քվորում ապահովելու համար քվեարկությանը պետք է մասնակցեր 66 պատգամավոր:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 504923.4 հազար դրամ ընդհանուր գումարի չափով (այդ թվում` 303800.6 հազար դրամ` ավելացված արժեքի հարկի գծով, 35645.8 հազար դրամ` եկամտահարկի գծով, 41427.5 հազար դրամ` եկամտային հարկի գծով, 36071.6 հազար դրամ` շահութահարկի գծով, 87977.9 հազար դրամ` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով)»:
Կառավարության նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս նախաձեռնությունը բազմաթիվ խնդիրներ է լուծում, նպաստելու է միայն մրցակցային միջավայրի ստեղծմանը, որ չունենանք միայն մեկ ցեմենտ արտադրող գործարան:
«Այն նաև տնտեսական ակտիվության վրա ազդեցություն ունեցող, սոցիալական խնդիր լուծող նախաձեռնություն է: Եւ, ի վերջո, այն Հայաստանի արդյունաբերական գիգատներից մեկի փրկելու նախաձեռնություն է»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Հրազդան ցեմենտին» արտոնություններ տալու հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. «Հրապարակ»
- «Հրազդան ցեմենտ»-ի մասին օրինագիծը դարձյալ կներկայացվի խորհրդարան
- «Հրազդան-ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու մասին նախագիծը ԱԺ-ում տապալվեց
- «Հրազդան Ցեմենտ» ընկերությունն ազատվեց շուրջ 510 մլն դրամ տույժից
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց