Նիկիտա Սիմոնյան. «Վնասվածքներից ոչ ոք ապահովագրված չէ»
Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը ցավում է, որ Ռուսաստանի ազգային հավաքականի և «Վալենսիայի» կիսապաշտպան Դենիս Չերիշևը ազդրի մկաններին վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի 2016 թ. առաջնությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մայիսի 17-ին կենթարկվի վիրահատության, իսկ վերականգնման համար կպահանջվի 4 ամիս:
«Ցավում եմ, որ Դենիսը վնասվածք է ստացել և երկար ժամանակով դուրս է մնացել շարքից: Առավել ևս, դա տեղի է ունեցել Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ: Իհարկե, ոչ ոք վնասվածքներից ապահովագրված չէ: Ցանկանում եմ, որ նա հնարավորինս շուտ ապաքինվի և շարք վերադառնա»,- նշել է Սիմոնյանը: