Նիկոլա Ֆայ. «Միջոցառման նպատակը սպորտի միջոցով Հայաստանը բացահայտելն է»
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկին մնացել են հաշված օրեր: Հունիսի 10-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանսիան` կազմակերպիչ երկրի իրավունքով, կհուրընկալի միջոցառումը: Հեռավոր` 1900 և 1924 թթ. անցկացված Օլիմպիական խաղերից, 1998 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո սա մարզական 3-րդ խոշոր իրադարձությունն է, որն անցկացվում է Ֆրանսիայում:
Այս, ինչպես նաև հարակից այլ թեմաների շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Նիկոլա Ֆայն ու Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը:
Նիկոլայ Ֆայի խոսքերով` Ֆրանսիան կազմ ու պատրաստ է ընդունելու և բարձր որակով անցկացնելու այս մրցաշարը:
«Ֆրանսիան ջանք ու եռանդ չի խնայել կարևոր այս իրադարձությանը հնարավորինս լավ նախապատրաստվելու համար: Այս երկիրն ի զորու է մեծ պատվով ընդունելու 1,5 մլն այցելուների, որոնք այդ օրերին կլինեն Փարիզում: Այս առիթով` Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները որոշել են միավորել իրենց ուժերը` ֆուտբոլային այս իրադարձության ոգին արծարծելու համար»,- նշեց Ֆայը:
Ֆրանսիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատարը տեղեկացրեց, որ Հայաստանը ևս անմասն չի մնա կարևոր իրադարձությունից և այդ առիթով հունիսի 8-ին և 9-ին մեր երկրում կկազմակերպվի միջոցառում, որը կկրի «Ապրել ֆուտբոլային ոգով» խորագիրը:
«Այս միջոցառումն իր շուրջը կհամախմբի 13-15 տարեկան շուրջ 70 պատանիների, ովքեր սովորում են ֆրանսերեն և գերմաներեն լեզուները: Կմասնակցեն նաև տեղացի դաստիարակներ, մարզիչներ, կլինեն ֆրանսիական և գերմանական որոշակի կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն: Այս միջոցառման նպատակը սպորտի և մասնավորապես ֆուտբոլի միջոցով Հայաստանը բացահատելն է: Մոտեցումը հետևյալն է. ֆուտբոլային պրակտիկան համատեղել մտքերի և քննարկումների փոխանակման հետ: Միջոցառման առաքելությունը, հիմնական շեշտադրումը ֆուտբոլային ոգին հասարակությանն ավելի տեսանելի դարձնելն է, ինչպես նաև սոցիալական հնչեղություն հաղորդելը»,- ավելացրեց Ֆայը:
Panorama.am-ի այն հարցին, թե ինչ է արվում, որպեսզի փարիզյան ահաբեկչական իրադարձությունները չկրկնվեն «Եվրո-2016»-ի ընթացքում, Նիկոլա Ֆայը նշեց, որ անշուշտ ձեռնարկել են բոլոր միջոցները`անվտանգությունն ապահովելու համար:
«Մինչ այժմ տեղի ունեցած որևէ մարզական միջոցառման ժամանակ այսպիսի հսկողություն չի եղել, ինչպես կլինի Ֆրանսիայում` հունիսի 10-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Երկրի ողջ տարածքում կլինեն ոստիականական հատուկ պատրաստված խմբեր, ժանդարմներ, հրշեջ և շտապօգնության մեքենաներ: Ուշադրության կենտրոնում կլինեն իրադարձության բուն կենտրոնները` մարզադաշտերը, ինչպես նաև այն տարածքները, որոնք կհատկացվեն երկրպագուներին: Կարճ ասած` մանրակրկիտ և մանրազնին կերպով ուսումնասիրություններ են կատարվել, ուստի անվտանգությունն ապահովված կլինի բարձր մակարդակով»,- նշեց Ֆայը:
Ֆրանսիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատարը նաև շնորհակալություն հայտնեց
ՀՖՖ-ին, Հայաստանի Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին, որոնց օգնությամբ հնարավոր եղավ Հայաստանում կազմակերպել միջոցառումը: Նիկոլա Ֆայը տեղեկացրեց նաև, որ սպորտին նվիրված կինոփառատոնի շրջանակներում հունիսի 8-ին և 9-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն մի շարք ֆիլմեր: Մուտքն ազատ կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց