Զորակոչից առաջ քաղաքացիների դիմում-բողոքները հիմնականում առողջական խնդիրների են վերաբերում. Գեղամ Հարությունյան
Զորակոչից առաջ քաղաքացիների դիմում-բողոքների 90 տոկոսից ավելին վերաբերում են զինակոչիկների առողջական խնդիրներին: Այսօր 2016թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
«Այսօրվա նիստում ընդգրկված է առաջին 25 դիմումը: Նիստերը կանցկացվեն շաբաթական երկու օր՝ մինչև հուլիսի 27-ը»,-նշեց հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովի հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ դիմում-բողոքները քննարկվեն դիմումատուների՝ ծնողների և զորակոչիկների մասնակցությամբ, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք խորամուխ լինել հարցերի մեջ. «Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև բժիշկ մասնագետներ, իրավաբաններ: Համագործակցությունը հաջողվում է հանձնաժողովի անդամների և ծնողների միջև: Նիստերի ժամանակ դիմումատուներից պահանջում ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ ճիշտ և արագ կողմնորոշվելու համար»:
Գեղամ Հարությունյանը նշեց, որ անցած զորակոչին 106 դիմում բողոքից 21-ը բավարարվել է, դրանցից 17-ը վերաբերել է առողջական խնդիրների:
Ինչ վերաբերում է դիմում բողոքների քանակին՝ նա հայտնեց, որ դրանց թիվն ավելացել է, ինչը կապված է նաև հանձնաժողովի ճանաչողության և այս տարիների ընթացքում ձեռք բերած վստահության հետ:
Նշենք, որ հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ 2009 թվականին:
Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման համար Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10.00-ից:
Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդում: