Պետությունն ամբողջությամբ կփոխհատուցի արտերկրում բուժվող զինծառայողներին ուղեկցող անձանց ծախսերը
ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ հստակություն մտցրեց իր 2016 թ. ապրիլի 21-ի որոշման մեջ, մասնավորապես, Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգում հանվեց «համապատասխանաբար՝ 50 տոկոսի չափով». բառակապակցությունը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը նշեց, որ նախագիծը մշակվել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
Կառավարության որոշմամբ սահմանվում է ոչ թե զինծառայողին ուղեկցող անձի` օտարերկրյա պետությունում ճանապարհածախսի և կեցության գումարի չափը, այլ այդ գումարի հատկացման կարգն ու պայմանները:
«Մյուս կողմից՝ առկա ձևակերպումը կրում է խիստ խտրական բնույթ, քանի որ ստացվում է, որ պետական մարմինների աշխատակիցներն օգտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2335-Ն որոշմամբ սահմանված հատկացումներից 100 տոկոսի չափով, մինչդեռ իր որդուն կամ ամուսնուն բուժման համար արտասահման մեկնած անձը` միայն դրա կեսի չափով: Ուստի, առաջարկվող լուծումն է` հանել 50 տոկոսի չափով» բառերը»,- ասաց փոխնախարարը:
Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում՝ ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ամբողջությամբ կփոխհատուցվեն վերջինիս ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը: Դրանով կապահովվի նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 410-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանվող կարգավորումների համապատասխանությունը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ