ՊԵԿ. ՓՄՁ-ների մոտ իրականացվող հսկողական աշխատանքները նվազել են
ՊԵԿ-ը համատարած ստուգումների իրականացման գործելաոճից անցում է կատարել ստուգումների թիրախային համակարգին:
Այդ մասին հայտնում են ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ու մանրամասնում, որ այդ նպատակով կրճատվել է ստուգում իրականացնող աշխատակիցների քանակը, հարկային տեսչություններում ձևավորվել են առավել բանիմաց և փորձառու աշխատակիցների վերլուծական խմբեր՝ համապատասխան գործիքակազմով:
«2016թ. 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ստուգումների արդյունավետության բարձրացում է արձանագրվել թվաքանակի էական կրճատման պայմաններում»,-ասել է վարչության պետ Արտակ Ղուկասյանը:
Մասնավորապես՝ 1977-ով պակաս է իրականացվել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում, փոխարենը մեկ ստուգմամբ արձանագրված միջին գումարն աճել է ավելի քան 24 հազ. դրամով կամ 13.5%-ով: Չգրանցված աշխատող պահելու դեպքերի ստուգումները 955-ով պակասել են, մինչդեռ մեկ ստուգմամբ արձանագրված միջին գումարն աճել է ավելի քան 84 հազ. դրամով կամ մոտ 61%-ով: Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգումները նվազել են 306-ով, իսկ 1 ստուգմամբ արձանագրված միջին գումարն ավելացել է ավելի քան 17 հազ. դրամով կամ 7.5%-ով: 194-ով պակաս են իրականացվել նաև չափագրման ուսումնասիրությունները, իսկ մեկ ուսումնասիրությամբ արձանագրված միջին գումարն աճել է ավելի քան 294 հազ. դրամով:
«Մեր նպատակն է կրճատել ՓՄՁ-ների մոտ հսկողական միջոցառումների իրականացումը` դրանք կատարելով ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև՝ հայտնաբերել շրջանառության հարկի դաշտում քողարկված հարկ վճարողներին»,-նշել է ՊԵԿ ներկայացուցիչը:
Ըստ աղբյուրի, վարչության անմիջական ուշադրության կենտրոնում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուի կողմից վարձու աշխատողների չգրանցման, ինչպես նաև բիզնեսը տրոհելու միջոցով շրջանառության հարկով հարկվող գործունեության տակ քողարկվելու դեպքերը:
«Միայն վերջին երկու ամսվա ընթացքում 7 հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 49 չգրանցված աշխատող` ավելի քան 16 մլն դրամ հարկային պարտավորության գումարով, իսկ 68 աշխատողի գործատուն գրանցել է նույն ստուգման ընթացքում»,-ասել է վարչության պետը: