Ադամ Նավալկա. «Վստահ եմ, որ մեր ամենաթույլ խաղն ընտրական փուլում արդեն ավարտվել է»
Աշխարհի 2018 թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի Լեհաստան-Հայաստան հանդիպումից հետո, որում մեր թիմը զիջել է 1։2 հաշվով, դաշտի տերերի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան մեկնաբանել է խաղադաշտում ծավալված իրադարձությունները։
«Խաղից հետո մենք միշտ վերլուծում ենք այն, և դա գործընթաց է, որը մեզ մոտեցնում է առավելագույնին։ Նման խաղերն ապացուցում են, որ այս խմբում ծանր պայքար է ընթանալու,- Նավալկայի խոսքերը մեջբերել է 90minut.pl-ը։- Գիտեինք, որ կոշտ խաղ է լինելու։ Ուզում էինք հարձակողական ֆուտբոլ խաղալ, ուստի համապատասխան կազմ էինք ընտրել։ Ստիպված էինք խաղավերջում ներդնել բոլոր ուժերը, որպեսզի 3 միավոր վաստակելու հնարավորություն ստանայինք։
Անշուշտ, Պիշչեկի ու Միլիկի բացակայությունն այսօր նկատելի էր. նրանք միանգամայն այլ որակ կհաղորդեին խաղին։ Նույնիսկ եթե խաղում ենք շատ ավելի թույլ թիմի հետ, մեզ չի բավարարում համբերությունը։ Հաղթական գոլը խփեցինք հանդիպման վերջին վայրկյաններին, ուստի սա անհավանական հաղթանակ է։ Հույս ունեմ, որ դա նաև լավ նշան է հաջորդ հանդիպումներից առաջ։
Շատ լավ գիտենք, որ ուժ ենք, երբ տակտիկապես գրագետ ֆուտբոլ ենք ցուցադրում։ Իհարկե, դուք պետք է վայելեք այն, որ այսօր մենք հաղթեցինք, որովհետև հաջորդ հանդիպումների համատեքստում այս հաղթանակը շատ կարևոր է։ Մենք խաղացողների մանրազնին մոնիտորինգ ենք իրականացնում և լավ գիտենք, թե ով իրենից ինչ է ներկայացնում, ինչպես է դրսևորվում ակումբում։ Գիտենք, թե երբ պետք է փոփոխություններ կատարենք, և արդյոք դրանք որևէ օգուտ կտա՞ն։ Հետևաբար, որոշումները, որոնք կայացնում ենք, անպայման քննարկվում են։ Դրանք ոչ թե վախի, այլ օգուտ ստանալու որոշումներ են։ Դեռ շատ աշխատանք ունենք։ Ուզում եմ հնարավորություն տալ յուրաքանչյուր խաղացողի։ Հուսով եմ, որ այսօրվա խաղը լավ նշան է։ Դուք միշտ պետք է հիշեք, որ պետք է անընդմեջ առաջ շարժվենք։ Վստահ եմ, որ մեր ամենաթույլ խաղն ընտրական փուլում արդեն ավարտվել է, և ապագայում ամեն ինչ ավելի լավ կլինի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին