Կարեն Բարսեղյան. «Իմ աշխատանքի գնահատականը պետք է տա ֆուտբոլի ֆեդերացիան»
Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Ուելս ընտրական հանդիպման ավարտից հետո Ֆուտբոլի ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
- Պարոն Բարսեղյան, ընտրական փուլը, բնականաբար, տապալված է: Որո՞նք են հիմնական պատճառները։
- Ես կխոսեմ այն ժամանակահատվածի համար, երբ գլխավորել եմ հավաքականը, այդ չորս հանդիպումների մասին: Մենք փորձեցինք երիտասարդ ֆուտբոլիստների ներգրավել, ովքեր հնարավորություն կունենան հաջորդ շրջափուլում մասնակցել ընտրական մրցաշարին: Հասկանալի էր, որ որոշ խնդիրներ պետք է լինեին, խաղի արդյունավետությունը և որակը պետք է ընկնեին: Արդյունքում ունեցանք չորս պարտություն:
- Ինչքա՞ն կտևի այդ ներգրավման փուլը։
- Մենք ունենք 12-14 ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղալ արդեն հաջորդ շրջափուլում: Հիմնական կազմից 5-6 հոգի, նաև՝ բոլոր տղաները, ովքեր այսօր դուրս եկան փոխարինման: Կարծում եմ՝ այդ գործընթացը շարունակական է, և պետք է ամեն ինչ անենք, որ հաջորդ շրջափուլում թիմն ավելի լավ հանդես գա: Ցավալի է, բայց այս չորս հանդիպումներում մենք գոլերը հիմնականում բաց էինք թողնում 80-րդ րոպեից հետո: Դա նշանակում է, որ ֆիզիկական պատրաստվածության առումով խնդիրներ կան: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ ոչ միայն հավաքականում, այլ նաև ակումբներում, որովհետև չորսօրյա հավաքի ընթացքում շատ դժվար է հիմնարար աշխատանք կատարել:
- Շարունակելո՞ւ եք գլխավորել երիտասարդական հավաքականը:
- Որոշողը ֆեդերացիան է. կքննարկենք, կհասկանանք: Իմ աշխատանքի գնահատականը պետք է տա ֆուտբոլի ֆեդերացիան:
- Ի՞նչ հետևություններ պետք է անել հետագայի համար:
- Այս անհաջողություններից հետո ես, որպես մարզիչ, պետք է լուրջ հետևություններ անեմ ինձ համար: Փորձում եմ վերլուծել անհաջողության պատճառները: Մի կողմից՝ պետք է հասկանալ, որ Դանիայի հավաքականը մեզնից ուժեղ էր, որակապես ավելի բարձր էր, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի հետ խաղերում գոլային պահերը չիրացնելու պատճառով պարտվեցինք: Ես չեմ արդարանում, ուղղակի վերլուծում եմ: Այս խաղում էլ, տեսաք, կարող էինք և հաղթել, և պարտվել, և ոչ-ոքի խաղալ: Բայց վերջում կրկին գնդակ ընդունեցինք սեփական դարպասը: Այս պահին ես չեի ուզենա հետևություններ անել, քանի որ, կարծում եմ, սխալ կլինի դա անել խաղից անմիջապես հետո:
- Ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստելու մասին ի՞նչ կասեք:
- Դրա գնահատականը պետք է տա ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Գոռ Մալաքյանը հիմնական կազմի խաղացող է, իսկ Անատոլի Այվազովը և Արթուր Քարտաշյանը փոխարինողների թվում են: Ըստ իս՝ այդ առումով որոշակի օգտակար գործողություն կատարել ենք:
- Լյուքսեմբուրգի հավաքականի հետ խաղից առաջ շատ էին կարծիքները, որ մեր հավաքականը պետք է անպայման հաղթի, սակայն պարտվեցինք: Ի՞նչ կասեք այդ հանդիպման մասին:
- Մոտ 75 րոպե հավասար և լարված պայքար էր: Այն իրավիճակներում, երբ մենք չենք խփում, մրցակիցը միշտ գոլ է խփում: Փաստորեն, ստացվում է, որ Լյուքսեմբուրգի ընտրանու ֆուտբոլիստների խաղամակարդակն ավելի բարձր է: Իրենց առաջնությունում կա երեք խումբ, իսկ տարածաշրջանն այնպիսին է, որ ֆուտբոլային առումով հզոր երկրների խաղացողները, ովքեր չեն տեղավորվում իրենց երկրներում, գալիս են Լյուքսեմբուրգ՝ խաղալու: Ոչ մի արդարացում չեմ որոնում, փաստ եմ արձանագրում: Մենք այդ խաղում պարտվելու իրավունք չունեինք:
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին՝ մեզ ջերմորեն աջակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին