Կարող էինք հաղթել, բայց պարտվեցինք
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Վարշավայում աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրի հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Լեհաստանի ազգային թիմի հետ։
Անկեղծ ասած՝ այդ խաղից հայ երկրպագուների սպասելիքները մեծ չէին, սակայն մեր ֆուտբոլիստները, խաղի ընթացքում մնալով թվային փոքրամասնությունում, կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը, իսկ մնացած ժամանակում՝ ընդհուպ մինչև վերջին րոպեն, հուսալիորեն պաշտպանվում էին։ Եվ հենց վերջին րոպեն վճռորոշ եղավ։ Արաս Օզբիլիսը երկրորդ անգամ մեն-մենակ մնաց դարպասապահի դեմ և կրկին ցավալիորեն վրիպեց, որին հետևեցին դաշտի տերերի գրոհը հարձակման ձախ թևում և մեր պաշտպանի կողմից կանոնների խախտումը սեփական տուգանային հրապարակի մատույցներում։ Բլաշչիկովսկին իրացրեց այն, և Լևանդովսկին գլխի հարվածով գնդակն ուղարկեց մեր թիմի դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին՝ 2։1։
Հանդիպումից առաջ հայաստանյան ընտրանու գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարել էր, որ, հաշվի առնելով նաև ռումինացիների հետ երեք օր առաջ Երևանում կայացած հանդիպման դասերը, ընտրելու է այլ մարտավարություն։ Խաղադաշտում ծավալված իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի հավաքականը շեշտը դրել է պաշտպանության վրա՝ պլանավորելով երկրորդ կեսում փոխարինումների միջոցով կտրուկ արագություն հաղորդել հակագրոհներին։ Եթե չլիներ Գաել Անդոնյանի կարմիր քարտը և դրան հետևած հարկադրական փոխարինումը, երկրորդ կեսում խաղադաշտում կարող էր հայտնվել նաև շտապ կարգով հավաքական հրավիրված Ռուսլան Կորյանը։ Եվ արդյունքը կարող էր այլ լինել... Զգացվում էր, իհարկե, Արաս Օզբիլիսի հետ հարձակման գծում աշխատող արագաշարժ ֆուտբոլիստի պակասը, և Արասը փորձում էր խնդիրները լուծել հպարտ միայնության մեջ, չնայած որ ֆունկցիոնալ առումով լավ մարզավիճակում չէր։ Եվ պահերի իրացման անարդյունավետությունը կարելի է բացատրել հենց այդ հանգամանքով։
Այո, այս խաղում մեր ֆուտբոլիստները դրսևորեցին լիարժեք նվիրվածություն, պայքարեցին մինչև վերջ, կարող էին հաղթել, սակայն պարտվեցին։ Մտահոգում է առջևում արագաշարժ ֆուտբոլիստի բացակայությունը, ով ի վիճակի կլինի անակնկալներ մատուցել մրցակիցներին։
Ինչևէ, այս ամենն արդեն պատմություն է, և այն տխուր է։ Հայաստանի հավաքականն անցկացրած 3 խաղում էլ պարտվել է և 0 միավորով եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը։ Չեռնոգորիայի ու Լեհաստանի ընտրանիները 7 միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը։ Ռումինիայի ազգային թիմը 5 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում։ Դանիացիներն ունեն 3 միավոր և 4-րդն են, իսկ ղազախները 2 միավորով հաստատվել են 5-րդ տեղում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին