«Քաղաքական ուժերը շահագրգռվածություն չունեն խոսելու արտաքին քաղաքականության մասին». քննարկում
«Ինչպիսին էլ լինի այսօր ԵԱՏՄ ներսում իրավիճակը, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն են առաջին հերթին մեզ վրա ազդում ու վնաս տալիս»,- «Միասնություն» համազգային շարժման կազմակերպած «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը միակ կենտրոնն է, որը կապում է ԵԱՏՄ անդամ պետությունները, իսկ առանձին-առանձին կառույցի ներսի երկրների փոխհարաբերությունները զարգացած չեն, ինչը լուրջ խնդիր է:
Գալստյանի կարծիքով՝ որքան կառույցի ներսում ինտեգրացիան խորանա, բնական է, որ այնքան պետք է սահմանափակվի մեր արտաքին մյուս ուղղություններում տնտեսական գործունեության կարողությունները. «Սա չի նշանակում, որ որևէ ուղղություն պետք է մոռանանք: Հարցն այն է, թե մյուս ուժային կենտրոնների հետ որ ոլորտներում կնախընտրենք համագործակցել»:
Քննարկմանը ներկա Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ էլ քաղաքական ուժերը շահագրգռվածություն չունեն խոսելու արտաքին քաղաքականության մասին. «Ողջունում եմ այն հանգամանքը, որ թեմային որոշել է անդրադառնալ նորաստեղծ քաղաքական ուժ: Չեմ հիշում որևէ քաղաքական խմբավորման, ով փորձի խնդրահարույց հարցերին մոտենալ փորձագիտական կլոր սեղան-քննարկումների կազմակերպման միջոցով»:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամակցությանը, Սաֆարյանն ասաց. «Հայաստանում պաշտոնապես հայտարարվեց, որ մենք ԵԱՏՄ-ը անդամակցում ենք անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն այդ կառույցում գտնվում են մեր ՀԱՊԿ դաշնակիցները, որոնք ոչ միայն ՀԱՊԿ-ի շրջանակներում չեն պաշտպանում մեր շահերը, այլև հենց ԵԱՏՄ-ում: Անվտանգության հետ կապված ինչ էլ որ ասվի ու հայտարարվի, ապրիլյան պատերազմը լավագույն ապացույցն էր, որ դա այդքան էլ այդպես չէ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը