Փաստաբանները Վճռաբեկ դատարանի նախագահի հարցով դիմել են դատավորների էթիկայի հանձնաժողովին
Հայաստանի 36 փաստաբաններ նամակ են հղել ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի
էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ պարզելու արդյոք կարգապահական վարույթ հարուցվել է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ:
Նամակում ասվում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սույն թվականի հոկտեմբերի 27-ին թիվ 8001/07 «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճռում արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի (վճռի տեքստում նշված է որպես judge M.) կողմից թույլ է տրվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:
Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 153 և 155 հոդվածների, ՄԻԵԴ նշված վճիռը հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը վերապահված է բացառապես Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:
Այդ կապակցությամբ խնդրում ենք հայտնել, թե արդյոք հանձնաժողովի կողմից հարուցվել է կարգապահական վարույթ Ա. Մկրտումյանի նկատմամբ, թե՞ ոչ»:
«Այսօր փոստով ուղարկել եմ այս նամակը 36 փաստաբանի անունից», -իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը ու հեգնել.
«Ակնկալում եմ պատասխան, որը հաստատ տեղ կգտնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «կազուսների» սենյակում, կամ հերթական անբովանդակալից մի գրություն, օրինակ՝ Հանձնաժողովը ի տարբերություն ՄԻԵԴ-ի, որևէ խախտում չի հայտնաբերել»: