Վերահսկիչ պալատի պարզաբանումները՝ կապված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենի հայտարարությունների հետ
ՀՀ Վերահսկիչ պալատը, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը ՎՊ-ի կողմից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ, պարզաբանումներ է ներկայացրել հիմնադրամի տնօրենի կողմից դեկտեմբերի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։
Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
««Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2001 թվականին, իսկ Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ հանդիսացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Այս տարիների ընթացքում Հիմնադրամը հիմնադրից՝ ՀՀ կառավարությունից, որպես դրամաշնորհ ստացել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» վարկային ծրագրի շրջանակում շուրջ 7.6 մլն ԱՄՆ դոլար (2001-2006թթ.), «Էլեկտրոնային հասարակության մրցունակության համար նորարարության վարկային ծրագրի» շրջանակում շուրջ 19.5 մլն ԱՄՆ դոլար (2010-2016թթ.), «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության ծրագիրը» իրականացնելու համար պետական շնորհ՝ 241,548.5 հազ. դրամ (2014 թվականից մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը), «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը պետական աջակցություն» ծրագրով շուրջ 590,000.0 հազ. դրամ (2008-2015թթ.), (Հաշվետվության 24-25 էջ.):
Հետևաբար որևէ տարակուսանք ՀՀ վերահսկիչ պալատի կողմից վարկային և դրամաշնորհային միջոցների վերահսկողության հարցի վերաբերյալ չի կարող լինել, իսկ պետության կողմից տրամադրված միջոցների արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը որպես ՏՏ ոլորտի վրա գրոհ ներկայացնելը պարզապես սեփական գործունեության արդյունքները կոծկելու և խնդրո առակայից շեղելու պարզունակ փորձ է:
Նկատի ունենալով Հիմնադրամի տնօրենի այն հայտարարությունը, որ իր համար Հաշվետվությունում առկա նյութը անակնկալ էր և իրենց հետ առարկությունները չեն քննարկվել, տեղեկացնենք, որ վերահսկողության ընթացքում հայտնաբերված փաստերի վերաբերյալ ստուգող հանձնաժողովի կողմից կազմվել են թվով 6 միջանկյալ արձանագրություններ, որոնց վերաբերյալ Հիմնադրամի տնօրենը ներկայացրել է առարկություններ:
Հիմնադրամի տնօրենը ս.թ. օգոստոսի 10-ի ՎՊԵ-Ա-50 գրությամբ հրավիրվել է Վերահսկիչ պալատ օգոստոսի 12-ին իր ներկայացրած առարկությունների քննարկմանը, սակայն Հիմնադրամը 11.08.2016թ. ՁԻՀ/Ֆ-418 գրությամբ տեղեկացրել է, որ Հիմնադրամի տնօրենը և այլ պատասխանատու անձինք մինչև սեպտեմբերի 1-ը բացակայում են երկրից, խնդրելով քննարկումը կազմակերպել սեպտեմբերի 1-ից հետո:
Վերահսկիչ պալատը, ընդառաջելով խնդրանքին, կազմակերպել է նոր քննարկում սեպտեմբերի 2-ին, մասնակցությամբ Հիմնադրամի տնօրենի, ՀՀ էկոնոմիկայի նախարարի, փոխնախարարի, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի և ՎՊ խորհրդի համակարգող անդամի, կետ առ կետ անդրադառնալով վերահսկողության ընթացքում բացահայտված փաստերին, ինչի մասին նշված է Հաշվետվության 24-րդ էջում:
Հետևաբար, Հիմնադրամի տնօրենի հայտարարությունը, որ իրենց հետ առարկությունները չեն քննարկվել, ակնհայտ կեղծիք է և ապատեղեկատվություն:
Ավելին, ՎՊ կողմից հրապարակված Հաշվետվության «Միջանկյալ արձանագրություններով նշված փաստերի առնչությամբ Հիմնադրամի կողմից ներկայացված առարկությունների վերաբերյալ» բաժին 7-ում ամբողջությամբ անդրադարձ է կատարված ներկայացված առարկություններին (Հաշվետվության 20-24 էջ.), եզրակացնելով, որ Հիմնադրամի տնօրենի կողմից փորձ է արվել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված նորմերի (պարտականությունների), ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իրավասությունների չկատարումը կամ ոչ լիարժեք իրականացումը հիմնավորել անհիմն բացատրություններով և փաստերի խեղաթյուրմամբ` խուսափելով օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունից:
Վերահսկիչ պալատի կողմից Հաշվետվությունը տեղադրված է Վերահսկիչ պալատի կայք էջի ՙԸնթացիկ հաշվետվություններ՚ բաժնում և Հաշվետվության բովանդակության վերաբերյալ հավելյալ որևէ մեկնաբանության անհրաժեշտություն Վերահսկիչ պալատը չի տեսնում, առավել ևս հաշվի առնելով, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը, նկատի ունենալով, որ արձանագրված խախտումները առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել է քրեական գործ»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր բոլոր գործողությունները օրենքի շրջանակում են եղել. Բագրատ Ենգիբարյանը՝ ՎՊ-ի ստուգումների մասին
- «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում չարաշահումներ են հայտնաբերվել, հարուցվել է քրգործ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան