Օլիգարխի տոնածառներ
Այսօր Երևանի Սարյան փողոցում, առատ տեղացող ձյան տակ բացվեց «տոնածառի շուկան». այստեղ ամեն տարի վաճառում են բնական եղևնիներ:
Վաճառող տղամարդկանցից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ «գործն» իրենն է. գնում է Գերմանիա, պատվիրում է եղևնիները ու դրանք համապատասխան փաստաթղթերով տեղափոխում են Հայաստան:
«Սաղ փաստաթղթերը կան ու մարամասն նշվում ա, որ ծառը վարակ չունի, ամեն ինչ տեղն ա», -վստահեցրեց նա:
Ասաց՝ տասը տարի այս գործով է զբաղվում: Եղևնիների գները սկսում են 50 հազար դրամից մինչև 150 հազար դրամ, այդպես թարմ մնում են 10-15 օր: Գնորդները, նրա խոսքով, օլիգարխներ են:
«Երկու նախարար հաճախորդ ունեմ, անունները չեմ ասի, որ իմանում են տրանսպարտիրովկա ենք անում, գալիս են իրանցը տանում են ու ամեն տարի», -ներկայացրեց «գործի տերը»:
Հարցին, թե եկամուտը արդարացնո՞ւմ է, տալի՞ս է սպասելի արդյունքներ, վաճառականը պատասխանեց. «Էս գործով զբաղվում ենք ես, ախպերս ու մեր ընկերը, եկամուտը երեքիս հասցնում ա մի նոր տարվա փող: Նոր տարին անում են, փողը պրծնում ա»: