Բնապահպանության ոլորտում նույն ավերման քաղաքականությունն էր. Հակոբ Սանասարյան
Կանաչների միության նախագահ, Հայաստանում հայտնի բնապահպան Հակոբ Սանասարյանը անցնող 2016 թվականը ևս աղետալի է համարում Հայաստանի բնապահպանության համար: «Այս տարի ևս շարունակվեց նույն ավերման քաղաքականությունը: Վիճակը աղետալի է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպանը: Նրա խոսքով, Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի վնաս կհասցնի Հայաստանի բնական միջավայրին. «Կորցնում ենք Որոտան գետը, Արփա գետը»:
Հայաստանի բնապահպանությանը սպառնացող խնդիրները, ըստ բնապահպանի փոխվել են եթե առաջ ծառահատումներն ու անտառահատումներն էին Սևանի խնդիրը, ապա այժմ հանքավայրերն են:
«Անտառահատումները շատ փոքր խնդիր է, երբ գործ ունենք բնական համակարգի ոչնչացման խնդրի հետ: Հանքերը շատացել են: Հայաստանը բառիս բուն իմաստով մեռնում է, իրենք չեն հասկանում, թե դա ինչ է նշանակում: Դա մի սոսկալի բան է: Եթե ընդունենք անտառը հրդեհվեց, ապա որոշ ժամանակ անց անտառը կարող է վերականգնվել, բայց եթե մենք հանք ենք շահագորում, ապա ոչնչացնում ենք երկրաբանական կառուցվածքը, այդ ժամանակ արդեն կարելի է ասել՝ հրաժեշտ կյանքին», -նկատեց բնապահպանը:
Օրերս Բնապահպանության նախարարության հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ոսկե մեդալով պարգևատրել է նաև Հակոբ Սանասարյանին, սակայն մասնագետը հրաժարվել է պարգևից: Բայց պայման է դրել.
«Մեդալը նախարարությունում է, ես չեմ վերցրել: Ասել եմ, որ կվերցնեմ պայմանով, եթե նրանք փոխեն իրենց վերաբերմունքը բնության նկատմամբ: Բնապահպանության նախարարությունը արդեն 15 տարի է՝ հակապետական գործունեություն է իրականացնում», -մեզ հետ զրույցում հավելեց Սանասարյանը:
Այդուհանդերձ բնապահպանը Արծվիկ Մինասյանի հետ հույսեր է կապում, նրան համարում է պարկեշտ մարդ և հույս ունի, որ նորանշանակ նախարարը «բանիմաց կոլեկտիվի» հետ կկարողանա շուռ գալ ու նախարարությունը կդնի հունի մեջ:
«Ինձ մոտ նա հույսեր է առաջացնում, բայց ես նաև գիտեմ, որ ամեն ինչ իրենից կախված չէ»,- նկատեց Սանասարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ Մինասյանը «նշանակալի ավանդի» համար մեդալ է հանձնել Վարդան Այվազյանին. ՀԺ
- Միջոցառումներն իրականացվել են սահմանված ժամկետում. բնապահպանության նախարար
- Այսօր մեզ մոտ մոտեցում կա՝ շտապ լուծենք տնտեսական խնդիրնեը, էկոլոգիայի հարցերը հետո. բնապահպան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ