Վանաձորի ավագանու երեք խմբակցություններ միավորվել են և կդիմեն կառավարությանը
Վանաձորի ավագանու երեք կուսակցություններ՝ Լուսավոր Հայաստանը, Հայկական Վերածնունդը և Բարգավաճ Հայաստանը դիմելու են կառավարությանը՝ Վանաձորի ավագանու աղմկահարույց ընտրություններում քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանին պաշտոնից զրկելու և Վանաձորում ավագանու նոր ընտրություններ նշանակելու հարցով։«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Անի Սամսոնյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ իրենք դիմումը կառավարություն կուղարկեն հունվարի 11-ին։
Եվ «Բարգավաճ Հայաստան», և «Հայկական Վերածնունդ» կուսակցությունների մամուլի խոսնակները հայտարարել էին, որ իրենք ընդունում են Լուսավոր Հայաստան կուսակցության դիրքորոշումը և միանում են կառավարությանը ներկայացվելիք դիմումին։
Վանաձորի ավագանին լուծարելու հարցով կառավարությանը դիմելու մասին ավելի վաղ հայտարարել էր Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը։
Նա մատնանշել էր հայաստանյան օրենսդրությունը, որի համաձայն եթե 3 ամիս շարունակ ավագանին չի կարողանում նիստ գումարել, ապա դա հիմք է, որ կառավարությունը որոշում կայացնի ավագանին անգործունակ ճանաչելու և լուծարելու համար: Նշված երեք ամիս ժամկետը լրանում է հունվարի 10-ին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներով «Լուսավոր Հայաստան»-ը ստացել էր 10 մանդատ, ԲՀԿ-ն՝ 3, «Հայկական վերածնունդը»՝ 5, իսկ ՀՅԴ-ն՝ 2: «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջև կնքված համաձայնագրով՝ այս ուժերը քաղաքապետի ընտրության ժամանակ պետք է իրենց ձայնը տային «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին՝ ՀՀԿ-ին Վանաձորում դարձնելով ընդդիմություն:
Սակայն այդպես չստացվեց ու չնայած այն բանին, որ ՀՀԿ-ն ու գործընկեր ՀՅԴ-ն միասին ընտրությունների արդյունքում ընդամենը 15 մանդատ էին ստացել Վանաձորում, Մամիկոն Ասլանյանը փակ քվեարկության արդյունքում 19 ձայնով քաղաքապետ էր ընտրվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց