Օբաման հրաժեշտի ելույթի ժամանակ չի կարողացել զսպել արցունքները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժեշտի ելույթում կոչ է արել ամերիկացիներին պահպանել ժողովրդավարությունը, իսկ ելույթի վերջում չի կարողացել զսպել արցունքները:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ իր ելույթում նա ռասիզմն ու տնտեսական անհավասարությունը համարել է ԱՄՆ-ում ժողովրդավարությանը սպառնացող գլխավոր վտանգներից մեկը, ինչպես նաև քաղաքական գործիչների կողմից կողմնակալ փաստերի ընտրությունը, երբ կարծիքը հիմնված չէ «որոշ ընդհանուր ելակետային փաստերի վրա»:
Որպես օրինակ նման իրավիճակի նա բերել է կլիմայի փոփոխության խնդիրը, որի ուղղությամբ ակտիվ աշխատել է Օբամայի վարչակազմը, ցուցադրաբար անտարբեր է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա իր հրաժեշտի ելույթն ունեցել է Չիկագոյում: Օբաման հայտարարել է, որ ցանկանում էր ելույթ ունենալ ոչ թե Սպիտակ տանը, այլ Չիկագոյում, «որտեղ ամեն ինչ սկսվել է». հենց այնտեղ է նա գտնվել, երբ լսել է նախագահական ընտրություններում իր առաջին հաղթանակի մասին 2008 թվականին:
Նրա հետ դահլիճ էին եկել նաև կինը՝ Միշել Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենն իր կնոջ հետ: Դահլիճում հավաքված է եղել շուրջ 20 հազար մարդ: Սկզբում միջոցառման տոմսերը բաժանվել են անվճար, իսկ ավելի ուշ դրանց գինը ինտերնետում վերավաճառողները սահմանել էին հազար դոլար:
Օբաման արցունքները չի կարողացել զսպել այն պահին, երբ բեմից դիմել է իր կնոջը. «Վերջին 25 տարվա ընթացքում դու եղել ես ոչ միայն իմ կինն ու իմ երեխաների մայրը, այլ եղել ես իմ լավագույն ընկերը… Ես հպարտանում եմ քեզանով: Ամբողջ երկիրն է հպարտանում քեզանով»:
2017 թվականի հունվարի 20-ին կայանալու է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին