Բնական գազի հետ կապված դեպքերի հիմնական պատճառը բաժանորդների ինքնագործունեությունն է. Ա.Նալբանդյան
Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է բնական գազի հետ առնչող (թունավորում, մահ) 47 դեպք: Լրագրողների հետ հանդիպմանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը համեմատության համար նշեց, որ 2012-ին արձանագրվել է 45 դեպք, 2013-ին՝ 59, 2014-ին՝ 33, 2015-ին՝ 39: 2015-ին գազի հետ առնչվող դեպքերից մահացել է 6 մարդ, 2016-ին՝ 10:
Նրա խոսքով՝ առավել հաճախ դեպքեր արձանագրվում են Շիրակում, Կոտայքում, Երևանում: Ունեցած տվյալների համաձայն՝ տարվա հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին գրեթե դեպքեր չեն արձանագրվում, այսինքն այն ժամանակաշրջանում, երբ բնակարանների պատուհանները բաց են լինում:
«Խնդիրն այսօր միայն գազամատակարարման իրականացման մեջ չէ: Մեր բաժանորդները պետք է կարողանան գոնե իրենք իրենց պահպանեն»,- հավելեց նա:
Արձանագրված դեպքերի մեծ մասում, Ա.Գրիգորյանի խոսքով, էլեկտրական սնուցումից անջատված է եղել անվտանգության համակարգերը, լաթով փակված են եղել օդատար ուղիները: Օրինակ՝ Շիրակում գրանցված դեպքերից մեկի ժամանակ մասնագետներն արձանագրել են, որ ջեռոցը բացած երկար ժամանակ օգտագործել են՝ լաթով փակելով օդատար համակարգը, Եղվարդում՝ ծխատարը կողքը դրված՝ փորձել են ջեռուցման համակարգն օգտագործել:
Ասուլիսին ներկա «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանն ասաց, որ բնական գազի հետ կապված դեպքերի հիմնական պատճառը բաժանորդների կողմից ինքնագործունեությունն է՝ ինքնուրույն տեղադրում են վառարաններ, տեղափոխում, փոխում գազասարքերը, սակայն այդ ամենը պետք է կատարվի մասնագետների կողմից:
Նա նշեց, որ բաժանորդների մոտ այն կարծիքն է, թե ձայնանշանային անվտանգության համակարգը շատ հոսանք է ծախսում ու անջատում են. «Այդ համակարգն ամսվա ընթացքում 25 դրամի չափով հոսանք է սպառում»:
Ա. Նալբանդյանն ընդգծեց, որ գազասպառման համակարգում որևէ գործողություն կատարելու ժամանակ բաժանորդն անպայման պետք է դիմի «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի իրենց տարածքի սպասարկողին: Այցերը, կանչերն անվճար են: Նա ասաց, որ տարին երկու անգամ՝ ձմեռային և ամառային սեզոնին, իրենց մասնագետներն անպայման այցելում են բաժանորդներին, ստուգում գազասպառման համակարգը: Խախտումներ արձանագրելու դեպքում հնարավորության դեպքում հենց տեղում շտկում են, եթե հնարավոր չի լինում այդ պահին, կազմում են խախտման արձանագրություն, անջատում տվյալ գազասարքը, մինչև խախտումները շտկվեն: Ա. Նալբանդյանն ասաց, որ խախտման արձանագրությունը չի ենթադրում որևէ տույժ, տուգանք, ընդամենը բխում է բաժանորդի շահերից, իր անվտանգության համար է:
Նրա նշեց, որ տարեկան բաժանորդների 1/3 չափով կազմվում է արձանագրություն, մոտավորապես 150 հազար բաժանորդի մասին է խոսքը, բայց ոչ բոլորն են այն տիպի խախտումներ, որոնք կարող են բերել թունավորում, մահվան դեպքեր:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն ասաց, որ գազը վառելանյութերից ամենահրդեհապայթյունավտանգն է, առաջին «մարդասպանը» շմոլ գազն է:
«Պետք է օգտագործվող սարքավորումներն լինեն գործարանային արտադրության, համապատասխանեն չափանիշներին: Կտրականապես արգելված է ինքնաշեն գազի վառարանների օգտագործումը: Լինում են դեպքեր, որ մարդիկ տնտեսելու համար այլ վառելանյութի համար նախատեսված վառարանում գազ են վառում: Խստիվ արգելվում է:
Գազից հրդեհների գերակշիռ մասն առաջանում է մարդկանց տարրական անփութության, տգիտության հետևանքով»,- ասաց նա:
Ս. Հայրապետյանի խոսքով՝ բնակիչները հաճախ են դիմոմ սխալ գործողությունների. «Մտնում են տուն և գազի հոտ առնում: Վառում են լուցկի, կրակայրիչ: Սխալ է: Նույնիսկ չի կարելի լույսը միացնել, հեռախոսով զանգել: Աննշան կայծից կարող է տեղի ունենալ բռնկում, պայթյուն: Պետք է անմիջապես օդափոխել սենյակն ու կանչել գազի ծառայության համապատասխան մասնագետներին, որպեսզի գտնեն պատճառներն ու վերացնեն թերությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց