Կիպրոսի ԱԳ նախարար․ ԵԽ-ն հակամարտություններ լուծելու մանդատ չունի
«Եվրոպայի խորհուրդը չունի հակամարտություններ լուծելու մանդատ։ Սա միջազգային այլ կառույցների խնդիրն է։ Չնայած սրան՝ մենք պետք է վստահ լինենք, որ Եվրոպայում ապրող բոլոր մարդիկ կարող են օգտվել ԵԽ պաշտպանության գործիքներից՝ մասնավորապես, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայից։ Այս կազմակերպությունն այստեղ է՝ խթանելու երկխոսությունն անդամ երկրների միջև»,-այս մասին այսօր ԵԽԽՎ նստաշրջանում ասաց Կիպրոսի ԱԳ նախարար, ներկայումս ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Իոաննիս Կասուլիդեսը՝ պատասխանելով ադրբեջանցի պատվիրակի հարցին, թե ինչ կոնկրետ քայլեր է կատարում Եվրոպայի խորհուրդը՝ անդամ երկրների միջև հակամարտությունների լուծման համար, «որպեսզի այն իրականում դառնա 47 անդամ երկրների ընտանիք»։
Կասուլիդեսը նաև վկայակոչեց ԵԽ գլխավոր քարտուղարի նախորդ տարվա նախաձեռնությունը՝ փաստահավաք առաքելություն ուղարկել Ղրիմ։
«Կարծում են դա կլինի մի քայլ առաջ, որով ԵԽ մոնիտորինգային կառույցները մուտք կունենան Ղրիմում։ Սակայն, ինչպես գիտենք, Ղրիմը միակ հակամարտությունը չէ Եվրոպայում։ Նույնը վերաբերում է նաև մյուսներին»,-ասաց Իոաննիս Կասուլիդեսը։
Հիշեցնենք, որ այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կտևի մինչև հունվարի 27-ը։ Վաղը ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։