Նոր Զելանդիայում ափ է նետվել ավելի քան 400 կետանման կենդանի
Նոր Զելանդիայում ափ են նետվել ավելի քան 400 կետանման կենդանիներ՝ գրինդ, սև դելֆին, կլոր գլխով կետեր: Դրանցից 250-300-ը սատկել են: Գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով այդ երկրի բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:
Մոտ 500 կամավորները կենդանիներին փրկելու գործին են լծվել, մոտ 50 կենդանի վերադարձվել է ջուր, 80-90-ը խրված են ծանծաղուտներում:
Մասնագետներն առայժմ դժվարանում են տեղի ունեցածի հստակ պատճառներ նշել: Նախնական վարկածներից մեկն էլ այն է, որ նրանց առաջնորդը չի կողմնորոշվել ու սխալ ուղղությամբ է ընթացել: Չի բացառվում, որ նրանք փախել են գիշատիչներից կամ էլ փորձել են փրկել խմբի թույլ ու հիվանդ անդամներին:
Մասնագետները չեն բացառում, որ կենդանիների ափ նետվելը կարող է պայմանավորված լինել իրենց շրջակա միջավայրի, ակուստիկայի փոփոխություններով ու միջամտությամբ՝ սուզանավեր, ռազմական նավեր և այլն, որոնց ձայնը կարող է խանգարել կենդանիներին ճիշտ կողմնորոշվել:
Եվս մեկ հավանական պատաճառ նշվում է մագնիսական դաշտի խաթարումը, որի օգնությամբ նրանք կողմնորոշվում են տեղանքում:
Կենդանիների այս «արտանետումը» իր ծավալով երրորդն է: Նոր Զելանդիայում ավելի հաճախ են նման դեպքեր տեղի ունենում, քան մյուս երկրներումլ Նախորդը 1985-ին էր, երբ ափ էր նետվել 400 կենդանի: