ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների հետ համաձայնեցրել է փոխգործակցությունը
Հերթական այցով փետրվարի 13-ից 17-ը Երևանում է գտնվել Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» խումբը, որում ընգրկված են եղել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցի նպատակն է եղել ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության և ռազմաուսումնական հաստատություններիհետ 2016թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը և 2017թ. ծրագրի ու հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը:
Փետրվարի 13-ից 16-ը կազմակերպվել են միջազգային խորհրդատվական խմբի այցելություններ ու հանդիպումներ ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: Վ.Սարգսյանի անվան ռազմական, Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներում և Ենթասպաների դպրոցում կայացած հանդիպումներում ներկայացվել է խորհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքը, ինչպես նաև առաջիկա համագործակցությունը զինված ուժերի կարիքներին լավագույնս համապատասխանեցնելուն միտված նկատառումները:
Խորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՀՀ ՊՆ վարչական համալիրում համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել են ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների հետ խորհրդատվական խմբի հետագա համագործակցության կոնկրետ ծրագրեր և ուղենիշներ: