Դավիթ Հարությունյանը՝ ՀՀԿ-ում կայացած հանդիպման մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակում կայացել է տարածքային թեկնածուների և ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր, տրվել են ներկուսակցական հանձնարարականներ:
Պատասխանելով հարցին, թե անդրադարձ եղել է Մասիսի դեպքին, նա նշեց, որ նման դեպքերին առանձին անդրադարձ կլինի:
Հիշեցնեք, մամուլը գրել էր, որ Մասիսում նախընտրական կրքերը «դեբոշի» են վերածվել. «Բախվել են Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի թիմակիցները, երեկ երեկոյան Մասիսում տեղ ու դադար չկար ոստիկանական մեքենաներից, իսկ թեկնածուների շտաբների դիմաց կիլոմետրանոց ավտոշարասյուներ էին»:
Դավիթ Հարությունյանը բնական է համարում թեկնածուների միջև մրցակցությունը. «Մրցակցություն պետք է լինի, այն նախատեսված է Ընտրական օրենսգրքով»: