Կաթողիկոս. Իսլամական գործողությունների պատճառով նվազում է քրիստոնյաների պատմական ներկայությունը
Մերձավոր Արևելքում իսլամական ծայրահեղական խմբավորումների կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների պատճառով նվազում է քրիստոնյաների պատմական ներկայությունը, որոնց թվում են նաև հայկական համայնքներն Իրաքում և Սիրիայում:
Հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետ, Տուրկույի արքեպիսկոպոս Կարի Մեկկինենի հետ հանդիպմանը:
«Այսօր, երբ աշխարհը կանգնած է տնտեսական, մարդասիրական ու բնապահպանական ճգնաժամերի, ազգային-կրոնական հակամարտությունների և օրեցօր ավելացող անհանդուրժողականության, ահաբեկչությունների, եղեռնական ոճիրների ցավալի փաստերի առաջ, Մենք խորապես մտահոգված ենք մարդկության կյանքին սպառնացող վտանգներով, հրատապ լուծման կարոտ մարտահրավերներով, ինչպես և Մերձավոր Արևելքում տիրող ծանր իրավիճակով»,-ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նրա խոսքով, Հայ Եկեղեցին միջեկեղեցական և միջկրոնական երկխոսության ճանապարհով իր կարելին է ներդնում հակամարտությունների օջախներում խաղաղության ու կայունության ամրապնդման, մարդասիրական արժեքները հարգելու և ապահով ու ստեղծարար կյանքն անխաթար պահելու կամքի զորացման համար, ինչպես և հնարավորինս օգնություն հասցնում պատերազմական իրավիճակներից տուժածներին, փախստականներին:
«Մեր Եկեղեցու խաղաղարար գործունեությունը ծավալվում է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում: Այսօր Ղարաբաղի Մեր ժողովուրդը Ադրբեջանի կողմից հրահրվող ամենօրյա պատերազմի վտանգի ներքո, շրջափակման պայմաններում հաճախ իր զավակների արյան գնով է պաշտպանում իր ազատ կյանքը և անկախությունը պատմական իր հայրենիքի՝ Արցախի Հանրապետության: Այս հիմնախնդրի կարգավորման գործում գնահատելի են Ֆինլանդիայի ջանքերը, որը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից մեկը, ինչպես նաև՝ այս գործընթացում ներգավված ֆին դիվանագետների գործունեությունը: Այս հոգենորոգ պահին Մենք աղոթք ենք բարձրացնում քաղաքական ու տնտեսական խնդիրներից ու հակամարտություններից ալեկոծվող աշխարհի խաղաղության համար, որպեսզի մարդկությունը կարողանա կառուցել իր բարօր ու ապահով ապագան: Թող Երկնավոր Տերն ամրապնդի ու զորացնի եղբայրական ազնիվ զգացումներն ու սերն Իր Սուրբ Եկեղեցում, շնորհ և օրհնություն բաշխի Իր Անվանը հավատացող բոլոր քրիստոնյաներին` ի պայծառություն Ընդհանրական մեկ և միասնական Սուրբ Եկեղեցու, այժմ և հավիտյանս. Ամեն»,-մասնավորապես նշել է Կաթողիկսոը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց