Մինսկի կենտրոնում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում
Բելառուսական իրավապաշտպան «Գարուն» կազմակերպությունը, որը չունի պետական գրանցում, Թվիթերի իր էջում գրել է, որ իրենց գրասենյակ են ներխուժել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները (ՕՄՕՆ), կոտրել դռները: Իրավապահները պատրաստվում են շենքում խուզարկություն իրականացնել: Այս մասին գրում է mk.ru կայքը, նաև հիշեցնում, որ այսօր Մինսկում նախատեսված է ընդդիմադիր երկու ակցիա՝ «Ազատության օրվան» նվիրված և վերջին շաբաթներին ավանդույթ դարձած «ոչ ձրիակերների երթ»:
Մինսկի քաաքապետարանը թույլ է տվել անցկացնել «Ազատության օրվան» նվիրված ակցիան Ժողովուրդների բարեկամության այգում, բայց ընդդիմադիրները չեն համաձայնվել և հետ են վերցրել դիմումը: Չնայած դրան՝ վերջիններս համացանցում կոչ են անում մասնակցել Գիտությունների ակադեմիայի մոտ կայանալիք ակցիային:
Ականատեսները հայտնում են, որ բազմաթիվ մարդիկ Հաղթանակի հրապարակից գնում են Յակուբ Կոլասի հրապարակ: Միաժամանակ քաղաքի կենտրոնում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում: Գիտությունների ակադեմիայի մոտ ոստիկանական զիված ուժեր են կանգնեցված, այնտեղ որևէ մեկին թույլ չեն տալիս մոտենալ, բացի մամուլից: