Մենք համոզված ենք, որ ապրիլի 2-ը նոր ժամանակաշրջանի սկիզբն է ազդարարելու. Արմեն Ռուստամյան
«Դաշնակցությունը, լինելով հստակ գաղափարների տեր քաղաքական ուժ, իր ընտրողներին չի համարում սոսկ իր ընտրազանգվածը, այլ իր համակիրները, որովհետև մենք ինչ արել ենք, իրար համոզելով ենք արել, իրար հետ համաձայնեցրած ենք արել»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում անցկացվող ՀՅԴ նախընտրական քարոզարշավի վերջին հանրահավաքում հայտարարեց Դաշնակցության համապետական ցանկը գլխավորող, ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ այսօր հասել են ընտրապայքարի եզրագծին՝ խոստումները կատարածի և սկսածը շարունակողի վճռականությամբ:
«Մենք համոզված ենք, որ ապրիլի 2-ը նոր ժամանակաշրջանի սկիզբն է ազդարարելու: Տարիներ ի վեր ՀՅԴ-ն լինի իշխանության մեջ, թե դրսում համառ ու անզիջում պայքար է մղել, որ պատմական այս շրջադարձը կատարելու հնարավորությունն ընձեռվի մեր ժողովրդին, վերացվեն մեր առաջընթացը կաշկանդող ու խափանող խոչընդոտներն ու արգելքները, ստեղծվեն երկրի զարգացումը խթանող անհրաժեշտ պայմաններ ու միջոցներ», - ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքերով՝ երկրի թռիչքաձև զարգացման և ժողովրդի մեջ կուտակված արդարացի դժգոհության վերացման համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ նախադրյալները:
Անդրադառնալով այն ուժերին, որոնք հայտարարում են, որ առանց հանուն խաղաղության Ադրբեջանին գոհացնող զիջումների գնալու՝ մենք ապագա չունենք, Արմեն Ռուստմայանը նշեց, որ նման հայտարարություններով ոչ միայն արհամարհում են հայ ժողովրդին, այլև արդարացնելով կուտակված խնդիրների գոյությունը՝ բացառում են դրանց լուծումը՝ անվերջ գուժելով Հայաստանի ու Արցախի անխուսափելի կործանման մասին:
«Դաշնակցությունը վստահ է, որ հենց այսպիսի ապազգային գաղափարախոսությունը և ապաշնորհ ու միահեծան կառավարումն են ջլատել մեր ուժերը, բերել երրորդ հանրապետության ժամանակաշրջանում արձանագրված ձախողումներն ու կորուստները: Հասել է ժամանակը սրբագրելու և վերացնելու այս ընթացքում կատարված սխալներն ու դրանց ծանր հետևանքները: Սրան է կոչված ծառայելու Դաշնակցության հռչակած նոր սկիզբը: Նոր սկիզբը Դաշնակցության անմիջական մասնակցությամբ նոր շունչ է բերելու Հայաստան, հայ մարդն ապրելու է ազատ ու ապահով, Հայաստանը լինելու է արդար, հզոր ու զարգացող, հայությունը լինելու է հայաստանակենտրոն, համերաշխ ու միասնական»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ուրիշներն ասում են՝ գալու ենք փոփոխություն անենք, մենք արդեն անում ենք այդ փոփոխությունը. Աղվան Վարդանյան
- ՀՅԴ-ն լոկ շարքային քաղաքական կուսակցություն չէ. Ազատության հրապարակում ՀՅԴ-ի եզրափակիչ հանրահավաքն է
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց