Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև դրամաշնորհի համաձայնագրի ստորագրում
Մարտի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար» դրամաշնորհի համաձայնագրի ստորագրումը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, իսկ ճապոնական կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:
Միջոցառմանը ներկա էին նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Կացուտոշի Ֆուշիմին, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, Հայաստանի հանրային հեռուսատառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
Ի շարունակություն կնքված համաձայնագրի՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, JICA-ի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Կացուտոշի Ֆուշիմին և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ստորագրել են դրամաշնորհային փաստաթուղթը, որով կկանոնակարգվի համապատասխան ապրանքների և/կամ ծառայությունների տրամադրումը:
Ստորագրման արարողությանը հետևած իր խոսքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ընդգծելով այսօր ստորագրված համաձայնագրի կարևորությունը, նշել է, որ այն ևս ﬔկ քայլ է երկու երկրների համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
Իր հերթին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանն ընդգծել է, որ 2001 թվականին Մատենադարանի փաստաթղթերի պահպանման ուղղությամբ ցուցաբերված աջակցությունից հետո սա նմանատիպ երկրորդ համագործակցությունն է երկու կառավարությունների միջև։ Դեսպանի խոսքով՝ արխիվը ոչ միայն պահպանում է ազգային ժառանգությունը, այլ ոգեշնչում երիտասարդ սերնդին՝ նոր ստեղծագործություններ կերտել ապագայի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց