ԵՄ. Ընտրությունների արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ընդհանուր կամքը
Ընտրական գործընթացի ավարտից հետո մենք ակնկալում ենք գործակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի ու կառավարության հետ: Այս մասին ասվում է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵՄ մամուլի քարտուղար Մայա Կոսիյանչիչի տարածած հայտարարության մեջ։
Հայտարարությունում նշվում է, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված և հիմնական ազատությունները ընդհանուր առմամբ պահպանվել են։
Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը.
«Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների համաձայն՝ ընտրությունները լավ էին կազմակերպված, և ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատու-թյունները:
Այնուհանդերձ, ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկատվությունները և պետական ծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատակիցների նկատմամբ կիրառված ճնշումները, որ, ընդհանուր առմամբ, հանգեցրել են հասարակության ընդհանուր անվստահությանը ու ընտրությունների նկատմամբ վստահության բացակայությանը: Ընտրությունների արդյունքներն այս ամենով հանդերձ արտացոլում են հայ ժողովրդի ընդհանուր կամքը:
Չնայած աննախադեպ քանակության միջազգային ու ազգային դիտորդների համար բարենպաստ պայմաններ էին ստեղծվել դիտորդական առաքելությունն իրականացնելու համար, բայցևայնպես միջազգային ՀԿ-ներին չէին հրավիրել դիտորդության, ինչը հակասում է 1990թ. ընդունված ԵԱՀԿ Կոպենհագենյան փաստաթղթին։ Դիտորդների միջազգային առաքելությունը ողջունել է ինչպես նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչին ԵՄ-ն աջակցել էր Հայաստանի իշխանությունների հետ համատեղ արդյունավետ իրականացված նախագծի շրջանակում, այնպես էլ իրավական շրջանակի բարեփոխումները։ Չնայած որոշ աննշան տեխնիկական խնդիրներին՝ քվեատուփերի լցոնման, կրկնակի քվեարկության, հաշվարկի և արդյունքների ամփոփման գործընթացում ավելի քիչ անճշտություններ են գրանցվել դիտորդների կողմից:
ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի կայուն, ժողվորդավարական ու բարգավաճ ապագային։ Ընտրական գործընթացի ավարտից հետո մենք ակնկալում ենք գործակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի ու կառավարության հետ՝ ամրապնդելու մեր քաղաքական երկխոսությունն ու շարունակելու տնտեսական և սոցիալական բարեփոխումների մեր աջակցությունը նաև Հայաստանի-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայագրի հիման վրա, ինչպես նաև վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության ավելի լայն շրջանակներում»: