Ցեղասպանության ճանաչման պահանջից պետք է անցում կատարել հատուցման դաշտ. պատմաբան
Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցը պայքարի և արդարության ճանապարհի նոր սկիզբ էր: Դրանից երկու տարի անց ակնհայտ է, որ ճանաչման պահանջից պետք է անցում կատարել դեպի հատուցման դաշտ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
«Փոխհատուցման գործընթացը շատ կարևոր է: Ցավոք, այսօր մտավախություն ունեմ, որ այդ հարցի բարձրացումը միջազգային հարթակում հնարավոր չէ: Նման քայլ կարող են կատարել Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների ՀԿ-ները, իսկ պետական մակարդակով հարցի բարձրացմանը պետք է նախորդի միջազգային ուժերի ճանաչումն ու սատարումը: Իրականում հարցին համալիր մոտեցում է պետք»,- նկատեց բանախոսը՝ փոխհատուցման լավագույն օրինակ համարելով Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջը:
Էդիկ Մինասյանը նաև հիշեցրեց՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին մի քանի երկրներ ճանաչեցին պատմական իրողությունը: Գործընթացը, պատմաբանի համոզմամբ, հատկապս կարևոր է այն երկրների մասով, որոնք դաշնակցային հարաբերությունների մեջ են եղել Թուրքիայի հետ, սակայն որևէ կերպ չեն խոչընդոտել նրա ցեղասպան գործողություններին: Խոսքը, մասնավորապես, Ավստրիայի խորհրդարանի կողմից ճանաչման մասին է:
Էդիկ Մինասյանի խոսքով, պակաս կարևոր չէ նաև Թուրքիայում որոշ շրջանակների կողմից պատմական իրողության ընդունման փաստը: Թուրք հասարակության մեջ, նրա համոզմամբ, արմատական փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես երիտասարդության մի ստվար զանգված ճանաչում և ընդունում են Ցեղասպանությունը, մինչդեռ թուրքական պետությունն ամեն կերպ ժխտում է պատմական իրողությունը:
Պատմաբանը չբացառեց, որ Ֆրանսիան նախագահական ընտրություններից հետո խորհրդարանում կվավերացնի Ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագիծը:
Իսկ ահա ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփից, Մինասյանի համոզմամբ, լուրջ և հետևողական փոփոխություններ ակնկալելը դժվար է:
«Հույս, ամեն դեպքում, պետք է ունենալ»,- ամփոփց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին