Վագոն-տնակում ապրող Գրետա տատի միակ երազանքը տուն ունենալն է
Լոռու մարզի մի շարք բնակավայրերի բնակիչներ շարունակում են ապրել «դոմիկներում»: Մարզի Դարպաս համայնքում Գրետա Հակոբյանի բազմանդամ ընտանիքն արդեն 29 տարի է՝ ապրում է մետաղական վագոն-տնակում:
76-ամյա Գրետա տատը պատմում է, որ յոթ հոգով ապրում են տարրական պայմաններից զուրկ տնակում: Նրա տղան խուլ ու համր է, ունի երեք աղջիկ: Հարսը, որը նույնպես լսողության հետ խնդիրներ ունի, տարիներ առաջ երեք դուստրերին թողել է թոշակառու սկեսրոջ մոտ ու հեռացել: Տանն ապրում են նաև Գրետա Հակոբյանի մյուս տղան ու հարսը:
Ընտանիքի ապրուստի միակ միջոցը 19 հազար թոշակն է, 35 հազար դրամ նպաստն ու մեկ կովը: Նրա խոսքերով՝ հատկապես ձմռան ցրտին տնակում անցկացնելը, երեխաներ մեծացնելը «սարսափելի ծանր է»:
Գրետա տատը նշում է, որ չորս տարի առաջ «Գլենդել Հիլզ» ընկերությունը իր այգին քանդել է, որպեսզի տուն կառուցի, սակայն օրերից մի օր շինարարական ընկերությունը գործը կիսատ է թողել ու գնացել:
«Բաղչա ունեի, ծառներ ունեի, կարողանում էի էդ այգով իմ էրեխեքին պահել, քանդուքարափ արեցին ու գնացին: Մի քանի անգամ դիմել եմ մարզպետարան, որ գոնե գան հողը կարգի բերեն, որ մշակեմ: Խոստանում են, որ ինչ-որ բան կանեն, բայց ոչ մի բան էլ չեն անում»,- ասում է ծանր պայմաններում ապրող կինը:
Մանրամասները՝ տեսանյութում: