Ես լինեմ՝ հրթիռային հարվածներով կոչնչացնեմ Նախիջևանում տեղակայվելիք թուրքական ռազմաբազան . քաղաքագետ
«Ինչը թուրքի հետ է կապված, կարող է փոխվել՝ օրենքով է, թե անօրինական։ Նախիջևանի խնամակալությունում (պրոտեկտորատ) Թուրքիան ռազմաբազա տեղակայելու իրավունք չունի։ Եթե ունի էլ, ապա դա պետք է լինի բացառապես Ռուսաստանի հետ համաձայնությամբ»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
«Նախիջևանը Հայաստանի առաջին Հանրապետությունից պոկված, Ռուսաստանի կողմից անօրինական կերպով Ադրբեջանի խնամակալությանը հանձնված տարածք է։ Սա հերթական ուխտադրժությունն է եղել։ Մինչդեռ Երևանի պայմանագրով Ռուսաստանը Նախիջևանը դիտում էր որպես Հայաստանի սոցիալիստական հանրապետության անքակտելի մաս։ Հետո ինչ-ինչ խարդավանքներով Մոսկվայի դաշնագրով այն փոխանցվեց Ադրբեջանին։ Պետք է հիշել, սակայն, որ Հայաստան այս դաշնագրի հանդեպ որևէ պարտավորություն չունի»,- նշեց քաղաքագետը։
Լևոն Շիրինյանը հատկանշական համարեց, որ հայկական կողմը Նախիջևանի հարցով շատ է ուշացել։ Նրա համոզմամբ՝ ԱԳՆ-ը բոլոր միջազգային կառույցներում պետք է առաջ տանի այս հարցը՝ հարց բարձրացնելով, թե ի՞նչ իրավունքով է հայկական տարածքը տրվել Ադրբեջանի խնամակալությանը։
Քաղաքագետը նաև նկատեց՝ հայկական կողմը պետք է ձեռք առնի բոլոր միջոցները՝ թույլ չտալու, որ Նախիջևանում թուրքական ռազմաբազա տեղակայվի։
«Ես լինեմ՝ հրթիռային հարվածներով կոչնչացնեմ այն։ Այլապես դա կնշանակի Թուրքիայի մուտք Այսրկովկաս, Հայաստանի տարածք։ Այս հարցը պետք է քննվի ընդհուպ ՆԱՏՕ-ում»,- ամփոփեց բանախոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց