Հույս ունենք՝ լոլիկի ու պղպեղի բերքն առատ կլինի. գյուղացի
Արարատի մարզի Հայանիստ համայնքի բնակիչները լիահույս են, որ գյուղատնտեսական տարին բարեհաջող կլինի, և իրենք կկարողանան իրացնել ստացված բերքը։ Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Միքայել Մարտիրոսյանը, գյուղացու աշխատանքը հաճախ ջուրն են գցում եղանակային անբարենպաստ պայմանները, մասնավորապես ցրտահարությունները։ Մյուս կողմից, լուրջ խնդիր է ոռոգման ջրի հարցը։
«Գյուղի կլիման վերջին տարիներին շատ է փոխվել։ Գարնանը կայուն ցուրտ եղավ։ Ծառերը ծաղկեցին, բայց փոշոտում չեղավ։ Եղանակից տուժեցին հատկապես լոբին, կարտոֆիլը, դդմիկը։ Բայց հույս ունենք, որ առատ կլինի գոնե լոլիկի ու պղպեղի բերքը»,- ասաց նա։
Գյուղացին պատմեց, որ հայանիստցին իր բերքն իրացնում է հիմնականում «Մեյմանդարի» գյուղատնտեսական շուկայում։ Սա, Մարտիրոսյանի խոսքով, գյուղացու գործի ամենդժվար մասն է՝ այնպես անել, որ ապրանքի իրացումից գոնե մի փոքր եկամուտ ունենա։
«Որոշ մարդիկ էլ իրենց մշակած միրգն ու բանջարեղենը վաճառում են Մալաթիայի գյուղատնտեսական շուկայում։ Կան ընտանիքներ, որ բերքը տանից են վաճառում։ Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, ես ընդհանրապես բերքս չեմ վաճառում։ Հիմնականում ընտանիքիս կարիքների համար եմ տնամերձ հողամասս մշակում»,- ասաց Միքայել Մարտիրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տրանսպորտի հարցի լուծումն իսկական փրկություն է. Հայանիստի բնակիչ
- Հայանիստում ձկնաբուծարանների ջուրը կրկնօգտագործում են ոռոգման նպատակով
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց