Ռուս մասնագետները կուսումնասիրեն Հայաստանում աճեցվող բուսական մթերքի արտահանման հնարավորությունները
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության Դաշնային ծառայության պատվիրակությունը մայիսի 22-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարության հետ:
ՍԱՊԾ մամուլի ծառայությունից հայտնում են, այցի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հայկական ծագում ունեցող բուսական մթերքի արտադրության, պահպանման վայրերի, արտահանման հնարավորությունների ու ընթացակարգերի համատեղ ուսումնասիրություններ:
ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանն ընդգծել է սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում գործընկեր կառույցի աջակցության կարևորությունը Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ տարածքում գործում են վերահսկման միասնական մեխանիզմներ և խնդիրները հաճախ պահանջում են համատեղ լուծումներ:
Ներկայացվել են վերահսկողության ուժեղացմանն ուղղված՝ Ծառայության կողմից ձեռնարկվող միջոցառումները, հայկական կողմը պատրաստակություն է հայտնել տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն բուսասանիտարիայի ոլորտի և ձեռքբերումների մասին:
ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շչեգլովը շեշտել է այս այցի կարևորությունը և հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի բաց, հասանելի և փոխշահավետ:
Առաջիկա հինգ օրերի ընթացքում ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը կայցելի Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում տեղակայված ջերմոցային տնտեսություններ, ծիրանի և դեղձի այգիներ, կծանոթանա առկա իրավիճակին, մեր երկրի բուսական արտադրանքի արտադրողական հնարավորություններին ու հզորություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց