ՀՔԾ. Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին մեղադրանք է առաջադրվել
Ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ ՀՔԾ-ում կատարված նախաքննության արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ:
Ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի ավագ օպերլիազորը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Նրանք` սահմանված կարգով չեն գրանցել և միջոցներ չեն ձեռնարկել 2015-2016թթ.-ի ընթացում կատարված շուրջ 6 մլն դրամի տարբեր ապրանքների գողության 4 դեպքերը բացահայտելու ուղղությամբ: Հիշյալ պաշտոնյաների ապօրինի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին և քաղաքացի Հ. Կարապետյանի իրավունքներին:
Քննությամբ պարզվել է, որ 2015թ. աշնանը Հ. Կարապետյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Իգոր Մեսրոպյանին հայտնել է անհայտ անձի կողմից իր առանձնատներ ապօրինի մուտք գործելու և այնտեղից 5.320.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ապրանքների գողություն կատարելու մասին:
Սակայն բաժանմունքի պետը, իր կողմից սպասարկվող տարածքում չբացահայտված հանցագործությունների գծով բացասական ցուցանիշ չունենալու անձնական դրդումներով, նշված գողության դեպքի մասին Հ. Կարապետյանից գրավոր հաղորդում չի ընդունել և չի կատարել իր ծառայողական պարտականությունները` միջոցներ չի ձեռնարկել հիշյալ հանցագործության դեպքը օրենքով սահմանված կարգով գրանցելու, դեպքի վայրը զննելու և հանցագործությունն ու այն կատարած անձին (անձանց) բացահայտելու ուղղությամբ:
Նշված գողության դեպքից մոտ 1 ամիս անց Հ. Կարապետյանը կրկին դիմել է Ի. Մեսրոպյանին և հայտնել իր առանձնատներից կատարված ևս մեկ` 360.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքների գողության մասին: Սակայն ոստիկանության պաշտոնյան դարձյալ գրավոր հաղորդում չի ընդունել քաղաքացուց և միջոցներ չի ձեռնարկել գողության երկրորդ դեպքի բացահայտման ուղղությամբ:
Բացի այդ, Հ. Կարապետյանի առանձնատներից 290.000 ՀՀ դրամի տարբեր ապրանքների գողության ևս երկու դեպք էլ արձանագրվել է 2016 թվականի ընթացքում, սակայն վերջինս հանցագործությունների գրանցման և հայտնաբերման ուղղությամբ կրկին միջոցներ չի ձեռնարկել:
Փոխարենը, Հ. Կարապետյանի մոտ օպերատիվ-հետախուզական ու անհրաժեշտ այլ միջոցառումներ ձեռնարկելու պատրանք ստեղծելու և նման կերպ իր ապօրինի գործողությունները քողարկելու նպատակով, իր աշխատակցին` ավագ օպերլիազոր Արմեն Հարությունյանին հանձնարարել է առանց գողությունների դեպքերը գրանցելու, դրանց «բացահայտմանն» ուղղված ձևական բնույթ կրող այցելություններ կատարել դեպքի վայր: Ընդ որում, Ա. Հարությունյանը նույնպես, չարաշահելով պաշտոնեական դիրքը, գողության դեպքերի մասին Հ. Կարապետյանից գրավոր հաղորդում չի ընդունել և անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքները կատարելու համար, Իգոր Մեսրոպյանին և Արմեն Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: