Արա Բաբլոյան. Անկախ պետականության հռչակումը միասնության էր կոչում և՛ այն ժամանակ, և՛ այսօր
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթի: ԱԺ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ:
Այս օրը մենք առանձնահատուկ կերպով ենք զգում անկախ ապրելու հպարտությունն ու գիտակցում դրա արժեքը: Երբ մոտ 100 տարի առաջ հռչակվում էր Հայաստանի առաջին հանրապետությունը, իրավիճակն իսկապես օրհասական էր, հերոսություն և անձնազոհություն, առավելագույն ջանք և անկեղծ նվիրում պահանջող: Եվ այդ ժամանակ առավել քան ցայտուն դրսևորվեցին մեր ժողովրդի միասնությունը, խելամտությունը, նպատակասլացությունն ու հաղթելու ավանդույթը: Դժվար է պատկերացնել անկախության հռչակումն առանց Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտ-հաղթանակների:
Շուրջ մեկ դար առաջ այս օրերին մեր ժողովուրդը հստակորեն գիտակցում էր, որ միայն ազատությունը կարող է պահպանել մեզ ու մեր երկիրը: Եվ մեր նախնիներն անձնվիրաբար պայքարեցին ձեռք բերելու այն ազատությունը, որը եկավ անկախության տեսքով, որին հասնելու համար մեկտեղեցինք սեփական ուժերի և արդարության հանդեպ հավատն ու վստահությունը, սեփական պատմությունն ու արժեքները պահպանելու ձգտումը, սեփական արժանապատվության բարձր գիտակցությունը:
Անկախ պետականության հռչակումը միասնության էր կոչում և՛ այն ժամանակ, և՛ այսօր: Այն չէր խոստանում նյութական բարեկեցություն, սակայն ի դեմս անկախության և ազատության, ընձեռում էր հնարավորություն` ստեղծելու այդ բարեկեցությունը և տեր լինելու սեփական ճակատագրին: 20-րդ դարասկզբի աշխարհաքաղաքական շահերի բախումների հետևանքով Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: Այսօր, նույն շահերի ավելի կատաղի բախումները մեզ պարտադրում են պետություն կառուցելու, ազատությունը պաշտպանելու՝ շուրջ հարյուրամյա, բայց միշտ արդիական դասերը հաշվի առնելով, ավելի արժևորել ազատությունն ու անկախությունը, ավելի շրջահայաց և ավելի կշռադատված լինել պետականաշինության գործընթացում, ավելի համախմբված և հաստատուն ընթանալ հռչակված նպատակներին հասնելու ուղղությամբ, ավելի վստահորեն ու լավատեսորեն քայլել դեպի այն Հայաստանը, որն իբրև հասանելի նպատակ դրված էր դեռ Առաջին հանրապետությունը հռչակողների պատկերացումներում և ձեռնարկների հիմքում` դեպի ուժեղ, բարեկեցիկ ու հզոր Հայաստանը:
Նորովի արժևորենք ինքնավստահության այն զգացումը և շարունակենք համերաշխության ու միասնության այն մթնոլորտը, որ կար Առաջին հանրապետությունը հռչակելիս, երբ ամենից կարևորը հայրենիքն էր` Հայաստանի Հանրապետությունը, երբ միմյանց թիկունք կանգնած նախարարին, զինվորականին, աշխատավորին, շինականին միավորում էին անկեղծ ու անվերապահ սերը և հավատն իրենց վաղվա օրվա հանդեպ:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն, առողջ, երջանիկ և բարեկեցիկ կյանք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց