Մայր Աթոռում սկսվել է Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը
Այսօր, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր քառօրյա աշխատանքն է սկսել Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը, որին մասնակցում են Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ, Հայրապետական պատվիրակներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից ու աշխարհասփյուռ թեմերից ընտրված հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ մինչ ժողովը Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի առիթով Մայր Աթոռ ժամանած շուրջ 150 պատգամավորները Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցել են Արևագալի ժամերգությանը:
Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Տերունական աղոթքով մեկնարկել է Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը: Բացման խոսքով է հանդես եկել Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գործադիր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, ապա հրավիրել է Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցելու ժողովի մասնակիցներին:
Ժողովի բացմանը հաջորդած Ա նիստին տեղի է ունեցել դիվանի, քննախույզ և օրինականության հանձնախմբերի ընտրությունը: Ժողովի ատենապետեր ընտրվել են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և տիար Լևոն Սարգսյանը (Արարատյան Հայրապետական թեմ), փոխատենապետերի պաշտոնը ստանձնել են Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը և դոկտոր Վարուժան Ալթըբարմաքյանը (ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ):
Լուսանկարները՝ Մայր Աթոռից։