Գվիենացի Լամարանան Հայաստանում հանգստություն է գտել
Լամարանա Ջիբա Բահը Գվինեայից Հայաստան է եկել յոթ տարի առաջ: Երբ Գվինեայում սկսվել է հակամարտություն, նա փնտրել է մի վայր, որտեղ կարող է հանգիստ լինել ու իրեն լավ զգալ: Նա գտել է այդ վայրը՝ Հայաստան:
Լամարանան ներկա էր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում Փախստականի համաշխարհային օրվան և «Մենք կանգնած ենք Փախստականների կողքին» քարոզարշավի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ Գվինեայում հանդիպել է մի հայ գիտնականի, ով առաջարկել է գալ Հայաստան, որովհետև «Հայաստանը հանգիստ տեղ է, մարդիկ բարի են, քեզ լավ կնայեն, պետք չէ վախենալ»:
«Այդ հայն ինձ որդեգրեց, որ կարողանամ հանգիստ ապրել Հայաստանում: Ես ինձ լավ եմ զգում, ինչպես իմ երկրում»,- նշեց գվինեացին:
Այստեղ Լամարանան ծանոթացել է գվինեացի մի տղամարդու, ամուսանցել են, ունեն 3-ամյա որդի՝ Էվին: Նա հաճախում է մանկապարտեզ:
«Երեխաների համար անսովոր է՝ սև երեխա են տեսել, ուշադիր նայում են, քիչ-քիչ կսովորեն: Ինձանից լավ է խոսում հայերեն»,- նշեց Լամարանան:
Նա ասաց, որ հատուկ հայերենի դասընթացների չի հաճախել, սովորել է ինքն իրեն՝ լսելով ու կրկնելով մի բառը մի քանի անգամ:
«Ամենակարևորն այն է, որ եթե ապրում ես մի երկրում, պետք է իմանաս այդ երկրի լեզուն, որպեսզի կարողանաս շփվել մարդկանց հետ»,- համոզված է գվինեացի կինը:
Լամարանան թեև իրեն լավ է զգում Հայաստանում, սակայն կմնան այստեղ, եթե նորմալ աշխատանք գտնեն ինքն ու ամուսինը:
«Մազեր եմ սարքում, ինչ լինում է, անում եմ»,- ասաց նա՝ հավելելով, որ մասնագիտություն ունի, սակայն քանի որ չի կարողանում հայերեն գրել, չի կարող իր մասնագիտությամբ աշխատել: Ամուսինը ծրագրավարող է, ով նույնպես աշխատանք չի կարողանում գտնել: Դիջեյություն անում է, բայց, կնոջ խոսքով, գումարը քիչ է:
Հարակից հրապարակումներ`
- Ապաստանի ինստիտուտը բարձր է գնահատվում հայ հասարակության շրջանում. ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ
- Սիրիահայերն իրենց հմտություններն ու փորձը Հայաստան բերելով՝ կարողացել են նպաստել տնտեսության զարգացմանը. Քրիստոֆ Բիրվիրթ
- Մենք չենք մտածել վերադառնալու մասին. Հալեպահայ
- ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ. 2016-ի ապրիլին ԼՂ հակամարտության սրման հետևանքով ավելի քան 2000 մարդ տեղափոխվեց Հայաստան