Ապաստանի ինստիտուտը բարձր է գնահատվում հայ հասարակության շրջանում. ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ
«Հայաստանը ընդունում է փախստականներ Արևելյան Ուկրաինայում ծավալված հակամարտության հետևանքով, այնպես էլ փախստականներ Իրաքից, Իրանից և փոքր թվով փախստականներ Աֆրիկայի և Ասիայի երկրներից»,- Փախստականի համաշխարհային օրվա և «Մենք կանգնած ենք Փախստականների կողքին» քարոզարշավի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը:
Նրա խոսքով, չափազանց կարևոր է, որ որ փախստականների պաշտպանությունը զերծ լինի տեղահանված բնակչության հանդեպ էթնիկ ծագման և կրոնական խտրականության որևէ տարրից:
«Հայաստանը շատ ջերմ միջավայր է ապահովել փախստականների մեծ մասի համար, ընդհանուր առմամբ շատ հյուրընկալ է: Սա առաջին հերթին բխում է հայ ժողովրդի պատմությունից, որովհետև սարսափելի և ողբերգական իրադարձությունները վերապրած հայերի հիշողության մեջ մնացել են իրենց պաշտպանություն և ապաստան տրամադրած երկրները Եվրոպայում, Ամերիկայում և նաև արաբական երկրներում: Ապաստանի ինստիտուտը բարձր է գնահատվում հայ հասարակության շրջանում»,- ասաց նա:
Ք. Բիրվիրթը նշեց, որ փախստականների պաշտպանությունը և ինտեգրումը միայն իշխանությունների խնդիրը չէ, բոլորը, հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է նպաստել ընկալունակ միջավայրի ստեղծմանը:
«Յուրաքանչյուր ոք կարող է և չպիտի անտարբեր լինի. լինի դա տանտերը, ով ցածր գնով տուն կառաջարկի վարձակալության համար, գործատուն, ով արդար չափով աշխատավարձ կվճարի տեղահանված անձանց և համբերատար կլինի փորձաշրջանի և հարմարվողականության շրջանում, հարևանը, ով օգնության ձեռք կմեկնի հարևան փախստականին, սպառողը, ով որոշում է կայացնում էժան և երբեմն անորակ ապրանքի և տեղահանված ձեռներեցների կողմից առաջարկվող ապրանքի միջև կամ ուսանողը, ով իր նոր տեղահանված համակուրսեցուն ծանոթացնում է համալսարանին և Հայաստանում կրթական համակարգին: Պատկերացրեք, թե ինչ մեծ մարտահրավեր է այդ մարդկանց համար, ովքեր ամեն ինչ կորցրել են՝ ոչ միայն նյութականը, նաև շատ դեպքերում իրենց սիրելիներին»,-ասաց Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը:
Նշենք, որ 2001 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 20-ը հռչակել է Փախստականների միջազգային օր (World Refugee Day):
Հարակից հրապարակումներ`
- Սիրիահայերն իրենց հմտություններն ու փորձը Հայաստան բերելով՝ կարողացել են նպաստել տնտեսության զարգացմանը. Քրիստոֆ Բիրվիրթ
- ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ. 2016-ի ապրիլին ԼՂ հակամարտության սրման հետևանքով ավելի քան 2000 մարդ տեղափոխվեց Հայաստան
- Հայաստանում ապաստան խնդրողները հիմնականում Սիրիայի, Ուկրաինայի, Իրաքի քաղաքացիներն են
- Հայաստանում ապաստան ստանալու համար անցած տարի դիմել է 73 օտարերկրացի