Այս տարվա հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.4%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.4%-ով։ Միաժամանակ, մայիս ամսվա ՏԱՑ-ը ապրիլի նկատմամբ կազմել է 11.9%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ մայիսի համեմատ՝ 8.9%:
Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերության ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մայիսին աճել է 14.4%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 12.7%-ով, իսկ 2016թ-ի մայիսի համեմատ՝ 20%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ևս առկա է աճ 4.6%-ով: 2016թ. հունվար-մայիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 11 տոկոսով:
Ըստ ԱՎԾ-ի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.8%-ով:
Սպառողական գները ևս նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ աճել են 0.4%-ով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.5%-ով:
2017թ-ի հունվար-մայիսին շինարարության ծավալը ևս նվազել է 12.1%-ով:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 23.1 %-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 20.9 %-ով (803.9 մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 24.4%-ով (1 մլրդ 482.3 մլն դոլար):
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-մայիսին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 1.9 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 2.7%. պետական համակարգում միջին աշխատավարձը նվազել է 0.4%-ով` կազմելով 156 հազ. դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ աճը կազմել է 2.4%՝ հասնելով 224 հազար դրամի:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց