«Հավաքների ազատության մասին» օրենքը համապատասխանեցնում են Սահմանադրությանը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ սահմանելու մասին» օրինագծին։
Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, այս որոշմամբ օրենքը համապատասխանեցնում են Սահմանադրությանը:
Օրինագծի հիմնավորման համաձայն՝ իրավական որոշակիության սկզբունքն ապահովելու համար, ինչպես նաև Հայաստանի «Հավաքների ազատության մասին» օրենքի ու այլ օրենքներում կարգավորումների միջև հակասությունները բացառելու համար, օրինագծով որոշվել է, որ դատախազների, քննիչների, ինչպես նաև զինված ուժերում ծառայողների, ոստիկանության ու այլ ուժային մարմինների հավաքներ կազմակերպելու և մասնակցելու իրավունքի լրացուցիչ սահմանափակումները կարող են որոշվել այլ օրենքներով։
Օրինագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ունենալ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող և միջազգային համաձայնագրերով վավերացված օրենսդրություն, ինչը հնարավորություն կտա երաշխավորել հավաքների հիմնարար իրավունքի իրացումը։