ՔԿՀ-ներում ներդրվելու է մասնագիտական վերապատրաստման ծրագիր. Փոխնախարար
Քրեական պատիժների ոլորտում կառավարության 2017-2022 թվականի ծրագրով նախատեսվում են փոփոխությունները, որոնց հիմնական թիրախն է քրեակատարողական համակարգում արդյունավետության բարձրացումը, հենքը լինելու է վերականգնողական արդարադատությունը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
«Անձը պետք է պատասխանատվություն կրի հանցանքի համար, բայց մենք պետք է սոցիալական վերականգնողական ծրագրեր իրականացնենք, որպեսզի դատապարտյալը պատիժը կրելուց հետո հասարակություն վերադառնա որպես հասարակության լիարժեք անդամ»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ դա կհանգեցնի նաև կրկնահանցագործության նվազմանը:
Ս. Քրմոյանը տեղեկացրեց, որ ՔԿՀ-ներում ներդրվելու է մասնագիտական վերապատրաստման ծրագիր, այսինքն՝ ՔԿՀ-ում անձին տրվելու են նոր գիտելիքներ, հմտություններ, որպեսզի ազատվելուց հետո աշխատանքի հարցը հեշտ լուծվի:
Փոխնախարարը նաև ասաց, որ ՔԿՀ-ներում պոլիկլինիկական բուժօգնությունն առնվազն հասնելու է այն ծավալի, որակի, ինչ քաղաքացիական հիվանդանոցներում. «Քրեակատարողական հիմնարկում անձը պետք է ստանա նույն բուժօգնությունը՝ առնվազն ծավալով, որակով, ինչ քաղաքացիական»:
Նա նաև նշեց, որ և պրոբացիայում, և ՔԿՀ-ներում ներդնելու են սոցիալական վերաինտեգրման ծրագրեր:
«Մի շարք եվրոպական ծրագերի փորձի հիման վրա հատուկ խմբի հանցագործություն կատարած անձանց համար հատուկ լիցենզավորված ծրագրեր կան, որ նա վերասոցիալականացվի, վերաինտեգրվի և հոգեբանական, և իրավական, և սոցիալական կոմպոնենտներով»,- ասաց Ս. Քրմոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց