Մշակութային հուշարձաններ վնասելու դեպքեր առավել շատ արձանագրվել են Սյունիքում, Կոտայքում, Շիրակում, Գեղարքունիքում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են 2014թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու և առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը՝ վեր հանելով հանցագործություն ծնող պատճառներն ու նպաստող պայմանները, քննության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, օրենսդրական բացթողումները։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ այսօր պատմական և մշակութային արժեք ունեցող հուշարձանների քրեաիրավական պաշտպանության խնդիրներին նվիրված խորհրդակցություն է տեղի ունեցել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀ գործող օրենսդրությունն այս բնագավառը քրեաիրավական պաշտպանության տակ է վերցրել հետևյալ երկու ուղղություններով՝
- Առանձնակի արժեք ունեցող, մասնավորապես պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելը
- Պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը ոչնչացնելը կամ վնասելը։
Դիտարկվող ժամանակահատվածում քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից պատմության և մշակութային հուշարձաններ վնասելու դեպքերի առթիվ հարուցվել է 25 քրեական գործ: Առավել շատ դեպքեր արձանագրվել են Արագածոտնի մարզում` 8, Սյունիքում՝ 5, Կոտայքում` 3, Շիրակում, Գեղարքունիքում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական ստորաբաժանումներում հարուցվել է 2-ական, Արարատի, Տավուշի մարզային քննչական վարչություններում, ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում` 1-ական քրեական գործ:
Քրեական գործերի ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է ՀՀ ՔԿ ՏՔՎԳՎ գլխավոր վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը՝ փաստելով, որ այսօրինակ հանցագործությունների բացահայտման, անձի գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու հարցի հետ կապված երբեմն առաջանում են որոշ դժվարություններ։ Մասնավորապես՝ պատմամշակութային արժեք ունեցող տարածքները հստակ տարանջատված չեն՝ համայնքային կամ մասնավոր սեփականության մյուս տարածքներից։
Օրինակ՝ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացին իր հորը հուղարկավորել է «Սանահին» վանական համալիրի տարածքում, «Զաքարյանների» տոհմական դամբարանի տապանաքարերը տեղահանել և 1.5 մետր հեռացրել նախկին դիրքից, և ըստ վանական համալիրի քահանայի բացատրության` նորակառույց գերեզմանը կառուցվել է հնադարյա աճյունների վրա: Քաղաքացին հայտարարել է, թե, իբր, հուղարկավորությունը կատարելիս տեղյակ չի եղել, որ տարածքը «Սանահին» վանական համալիրին է պատկանում։
Աղվան Հովսեփյանը կարևորել է պատմամշակութային տարածքների տարանջատումը հարակից տարածքներից, համապատասխան տարբերանշանների տեղադրումը, տարածքների պահպանության պատշաճ իրականացումը, պատմամշակութային արժեք ունեցող առարկաների, հուշարձանների անձնագրավորումը։ ՀՀ ՔԿ նախագահը իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անձնագրերի բացակայության պայմաններում հաճախ Հայաստանում ձեռք են բերվում պատմական առանձնակի մեծ արժեք ունեցող առարկաներ, տեղափոխվում Հայաստանից, իսկ հետագայում դրանց ծագումնաբանությունը ոչ միայն մոռացության է մատնվում, այլ նաև խեղաթյուրվում։
Քննարկմանը հրավիրվել և մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը, ՀՀ ՄՆ պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Տիգրան Սիմոնյանը և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ