Սահմանամերձ Տավուշում աշխատանք է փնտրում մոտ վեց հազար մարդ
Օգոստոսի 1-ի դրությամբ մարզում հաշվառված են 5724 աշխատանք փնտրող անձինք: Նման տվյալներ է հրապարակել մարզպետարանի պաշտոնական կայքէջը՝ վկայակոչելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվությանը:
Ըստ տեղեկատվության, Իջևանում աշխատանք է փնտրում 2122 մարդ, Դիլիջանում՝ 2013, Բերդում՝ 716, Նոյեմբերյանում՝ 873 մարդ:
Զբաղվածության տարածքային կենտրոնների և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 242-ը տեղավորվել են աշխատանքի: Հաշվառվածներից 82-ը աշխատանք փնտրող հաշմանդամներ են:
Ըստ զբաղվածության կենտրոնների տրամադրած տեղեկատվության, մարզում հաշվառված է 4856 գործազուրկ, որից 3026-ը կանայք են: